Աշխատանքներ են տարվում ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ. Հ. Ազիզյան
«Հայաստանում վերջին վեց ամսում իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Նրա խոսքով, ներդրումների հետ կապված հիմնական խնդիրը վստահության ցածր մակարդակն էր, որ գոյություն ուներ ներդրողների կողմից դեպի ՀՀ ներդրումային միջավայրը, ինչպես նաև՝ ներդրումային ծրագրերի բացակայությունը, ֆինանսական միջոցների հասանելիությունը, ընդհանրապես՝ Հայաստանի ճանաչելիությունը որպես ներդրումային երկիր:
Փոխնախարարն ասաց, որ 2016 թվականի ցուցանիշները ոգևորիչ չէին. արտաքին ներհոսքը կազմել էր մոտ 169 միլիոն դոլար, ուղղակի ներդրումները՝ 130 միլիոն դոլար:
Հ. Ազիզյանը նշեց, որ վերը նշված խնդիրների լուծման համար նախաձեռնել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ. մշակել են «Օտարերկրյա ներդրումների մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքների նոր նախագծեր, որոնք արդեն ներկայացված են կառավարության քննարկմանը: Դրանց ընդունմամբ, նրա խոսքով, կբարելավվի վեճերի լուծման գործընթացը, կհստակեցվեն ընթացակարգերը, կհամապատասխանեցվեն նաև ԵԱՏՄ շրջանակներում գործող օրենսդրությանը:
Փոխնախարարը նաև կարևորեց մասնավոր-պետական համագործակցության մեխանիզմների ներդրումը, որի ուղղությամբ աշխատանքները լայն թափով իրականացվում են:
Նա տեղեկացրեց, որ իրենց իրականացրած աշխատանքների արդյունքում վերջին վեց ամսվա ընթացքում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացվել ներդրումային 62 ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում:
«Ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին կունենանք բավականին լուրջ առաջընթաց, առնվազն կփորձենք օտարերկրա ներդրումների մասով արձանագրել 4-5 տոկոս ՀՆԱ-ի ցուցանիշ՝ զուտ ներհոսքի առումով»,- նշեց Հ. Ազիզյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Վրաստանում ավելի շատ ներդրումներ են կատարվում, քան Հայաստանում, ուսումնասիրել եք՝ թե ի՞նչ քայլեր են իրականացնում, Հ. Ազիզյանն ասաց. «Պատճառն առաջին հերթին պայմանավորված է ճանաչելիության բարձրացմամբ, ինչպես նաև՝ ամենակարևոր ցուցանիշը, որ պետք է համադրենք՝ 1 շնչին բաժին ընկող ներդրումներն են, որ գոյություն ունեն: Վրաստանի համար հիմնական ներդրողները Թուրքիան է և Ադրբեջանը: Հայաստանի համար հիմնական ներդրումները եղել են ՌԴ-ից, ԵՄ-ից, իսկ այս երկրներից ընդհանուր ճգնաժամի պայմաններում բավականին նվազել էր ներդրումների ներհոսքը դեպի Հայաստան:
Բայց այս փուլում արդեն զգում ենք լուրջ առաջընթաց, հետաքրքրություն և ՌԴ-ի, և ԵՄ-ի, մեր սահմանակից տարածաշրջանի այլ երկրների մոտ: Այսինքն, աշխատանք դեպի ճանաչելիության բարձրացում, ներդրումային միջավայրի բարելավում, գլոբալ զարգացումները և մեր հիմնական առևտրային գործընկերների մոտ զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել, որ սրանք լուրջ ազդեցություն կունենան ներդրումային ներհոսքի վրա»:
Ա. Ազիզյանը կարևորեց Հայաստանի ներդրողների ակումբի ձևավորումը, որը ևս նախատեսում է ծրագրերի ֆինանսավորում, համագործակցությունը ներդրումային ֆոնդերի հետ, որոնց արդյունքում ոչ միայն ֆինանսներ կբերվեն Հայաստան, նաև կբերեն տեխնոլոգիաների, կառավարման նոր մեթոդներ, որոնք հնարավորություն կտան ավելի բարձր աստիճանի բարձրացնել Հայաստանում բիզնեսը, գործարար համայնքի կարողությունները:
Մարզային ծրագրերի հետ կապված՝ փոխնախարարն ասաց, որ 81 ծրագիր է դուրս հանվել, առաջին փուլով աջակցություն է ստացել 11 ծրագիր, չորս ծրագիր ֆինանսավորվել է, առաջիկայում կֆինանանսավորվի ևս 4-ը: Նա տեղեկացրեց, որ ամեն մարզի համար մշակում են ներդրումային քարտեզ: