ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուի և երևանցիների միջև միջնորդներ պետք չեն. Էդուարդ Շարմազանով
Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդես կգա «Հանուն Երևանի» կարգախոսով: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ Երևանի ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ վաղը քարոզչությունը կսկսեն Էրեբունի վարչական համայնքում: «Մենք քարոզչությունը սկսենք աշխատանքային ժամից` 18:00-ից հետո: Բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին կզբաղվենք ակտիվ քարոզչությամբ»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ այս անգամ ևս նախընտրել են ուղղակի բակային հանդպումների քարոզչությունը ու յուրաքանչյուր քարոզչական օր կլինեն 4-ից 6 բակերում:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուի և երևանցիների միջև միջնորդներ պետք չեն, ուստի նախընտրել են նման ձևաչափով հանդիպումները:
ՀՀԿ խոսնակի խոսքերով՝ ներկայացնելու են 2013-2017 թթ-ին Երևանում իրականացրած ծրագրերը, ինչպես նաև՝ 2017-2022 թթ-ի ռազմավարական ծրագիրը:
Էդուրադ Շարմազանովը նաև հայտնեց, որ ավագանու ընտրություններում գործելու է ՀՀԿ 460 ենթաշտաբ։
«Մեր քարոզչական թիմը պատրաստ է, որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի, այլ քաղաքական պայքարի մեջ մտնելու, մենք քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից ենք: Ողջունում ենք երկու քաղաքական այլ դերակատարներին՝ «Ելք» դաշինքին և «Երկիր ծիրանի» կուսակցությանը, հատկապես, որ վերջինիս համար սա քաղաքական դեբյուտ է», - ընդգծեց Է. Շարմազանովը։
Հարցին, թե արդյոք քարոզարշավի ընթացքում կրեատիվ լուծումներ կարող են սպասել ՀՀԿ-ից, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քարոզչության ղեկավարը Արմեն Աշոտյանն է, այո»: