Վարչապետը խիստ անհրաժեշտ է համարում երթուղային ցանցի անհապաղ արդիականացումը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ճանապարհաշինությանն ու միասնական երթուղային ցանցին:
Վարչապետի խոսքերով՝ բազմիցս նշել են, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Ըստ նրա՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ:
«Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հայտնեց, որ տվյալ խնդիրների շուրջ ունեցել են քննարկումներ վերջերս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն իր այցի ընթացքում:
Հաշվի առնելով նշված խնդիրների կարևորությունը Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին մեկամսյա ժամկետում՝ գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորգոման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:
Բացի այդ, հանձնարարեց գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրերի գործողությունը, 5-ից 10 տարի երկարացնելու և մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը մարզպետներին էլ հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքներ ուղևորահոսքի վերաբերյալ ըստ ժամային կտրվածքի:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարեց մինչև 2017 թվականի հունիսի 1-ը մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:
«Նախարարին նաև հանձնարարում եմ հատուկ ուշադրություն դարձնել ճանապարհներին կատարվող աշխատանքներին՝ վերանորոգմանն ու շինարարությանը, ճանապարհային նշաններին, ինչպես նաև կարգապահությանը: Բազմիցս այցերի ժամանակ տեսել ենք, որ 9:30-ին կամ 17:30 աշխատանքի տեղը մարդ չկա: Դուք այդ հսկողությունը կազմակերպեք՝ ներգրավվելով տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե անհրաժեշտություն կա»,- ասաց Կարեն Կարապետյանը;