Միջադեպ՝ ՄԻՊ-ի զեկույցի ներկայացման ժամանակ
2016 թվականի հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները բնույթով աննախադեպ էին, այդ օրերին արձանագրվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, արձանագրվեցին բռնություններ, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ, կյանքից զրկվեց երեք ոստիկան: 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ զեկույցի շրջանակներում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, կազմվել քարտեզներ, ինչպես նաև հստակ որոշվել են գործողությունների կոնկրետ վայրերը, իրականացվել անանուն հարցումներ և զրույցներ բերման ենթարկված անձանց և լրագրողների հետ:
Զեկույցի ներկայացման առաջին րոպեներին սրահ ներխուժեցին մի քանի երիտասարդներ և ՄԻՊ-ի սեղանին փակցրեցին այդ օրերի իրադարձությունները պատկերող մի քանի լուսանկարներ, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, հիվանդասենյակում պառկած վիրավոր երիտասարդի և Սարի թաղի իրադարձությունները պատկերող:
ՄԻՊ մամուլի խոսնակն արագորեն հեռացրեց լուսանկարները: