2019թ-ից Ուկրաինայում քաղծառայողները պարտավոր կլինեն տիրապետել անգլերենի
Ուկրաինայի պետական գերատեսչություններում աշխատող քաղծառայողների համար անգլերենի իմացությունը 2019թ-ից կդառնա հիմնական պահանջներից մեկը: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
«2019թ-ից անգլերենի իմացությունը կլինի պետական աշխատանքի անցնելու համար առաջադրվող հիմնական պահանջներից մեկը: Նրանք, ովքեր ցանկանում են դառնալ քաղծառայող բացի ուկրաիներենից պետք է տիրապետեն նաև անգլերենի բազային մակարդակին», - հայտարարել է նախարարը:
Ինչպես հաղորդվում է՝ Ուկրաինայում անգլերենին տիրապետում է մեծահասակների շուրջ 7%-ը, մինչդեռ Եվրամիության երկրներում տիրապետում է մոտավորապես՝ 50%-ը, իսկ սկանդինավյան երկրներում՝ 80%-ը:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր ելույթներում բազմիցս հայտարարել է, որ անգլերենի լայն հանրայնացումը պետական քաղաքականության առաջնային նպատակներից է: