Գյուղնախարարն առաջարկել է վերանայել վարկերի տրամադրման պայմանները
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է փոխել չափորոշիչները և վերանայել վարկերի տրամադրման պայմանները: Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը երեկ ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` սուբսիդավորվող վարկերի ծրագիրը վերանայելու և նոր պայմանները քննարկելու նպատակով:
«Գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստանալ մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր նպատակին և չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք մշակել նոր ծրագիր, որով կխթանենք փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների խոշորացումը և կնպաստենք արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը»,-ասել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նա նշել է՝ մասնավորապես նախատեսվում է ուսումնասիրել սուբսիդավորման ավելացման հնարավորությունը, ինչի արդյունքում էլ ավելի կնվազի վարկային տոկոսադրույքը և բարձրացնել տրամադրվող գումարի շեմը: Բացի այդ, տնտեսությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվող գումարներն առավել արդյունավետ և նպատակային ծախսվեն և ուղղվեն բացառապես ոլորտի զարգացմանը: Նախարարն առաջարկել է, որպեսզի ծրագիրը գնահատվի բանկի մասնագետների կողմից, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրման հարցը: Միաժամանակ կարևորվել է անհրաժեշտության դեպքում ֆերմերներին խորհրդատվություն տրամադրելու հարցը:
ԳՆ-ից հիշեցնում են, որ այս տարի շարունակվում է 8 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, որի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 700 մլն դրամի չափով գումար:
Հարակից հրապարակումներ`
- Դուխով գնացեք առաջ. վարչապետ՝ գյուղատնտեսության նախարարին
- 14 տոկոսանոց վարկերի 6 տոկոսը կսուբսիդավորի պետությունը. գյուղնախարար
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ. Հետաքրքիր և խոստումնալից նախագծերին կտրամադրվեն համեմատաբար մեծ վարկեր
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին