Պետք չէ սևեռվել նրա վրա, թե Թրամփն ինչ կարտասանի. Արմեն Մարուքյան
«Մենք տեսել ենք, որ ԱՄՆ շատ նախագահներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստում են տվել, սակայն այդ պարագայում էլ նման քայլ չի արվել, ցեղասպանություն բառը չի արտաբերվել: Հիմա, եթե նախագահ Թրամփը որևէ խոստում չի տվել, հետևաբար նա ավելի ազատ է իր քայլերի, իր գործունեության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է ակնկալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։
Մարուքյանը կոչ արեց այդքան էլ չսևեռվել այն հանգամանքի վրա, թե ԱՄՆ-ի նախագահը ապրիլի 24-ի նախօրեին կարտասանի այդ բառը, թե ոչ. «Դա այլևս մեզ պետք է չհետաքրքրի։ Ցեղասպանության ճանաչումը արդեն իրենց խղճի գործն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչված իրողություն է, և եթե հայերը կատարում են ռազմավարական վերաշեշտադրում, որ արդեն պայքարում են հետևանքերի հաղթահարման համար, ապա դա նշանակում է, որ ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելի չէ, այն աքսիոմատիկ ճշմարտություն է»։
Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչի կարծիքով՝ այս նոր շեշտադրումը կարող է ազդել որոշ երկրների վրա և եթե մենք կախված չենք բառի արտասանումից կամ չարտասանումից, ապա սա կարող է իրենց մոտ հանգեցնել մտայնության փոփոխության:
«Որոշումներ կայացնողը, գործընթացին խթան տվողը պետք է լինի ոչ թե Թրամփը, Պուտինը կամ այլ երկրի նախագահը, այլ այդ գործընթացը պետք ուղղորդվի Երևանից»,-հավելեց նա։