56 միջազգային ՀԿ-ներ կոչ են անում հետաքննել ԵԽԽՎ պատգմավորներին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները
«Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը» և ևս 55 քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ ու կոչ են անում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ հետաքննել ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները, որոնք անմիջականորեն կապված են Ադրբեջանի հետ։
Մտահոգությունը հիմնականում կապված է «Եվրոպական կայության նախաձեռնության» հրապարակած զեկույցների հետ, որոնցում ասվում է, որ Ադրբեջանը կաշառում է ԵԽԽՎ անդամներին ու ազդում նրանց քվեարկությունների վրա՝ իր համար ցանկալի ձևով։
56 ՀԿ-ները կոչ են անում ԵԽԽՎ-ին՝ աջակցել կոռուպցիոն մեղադրանքների ամբողջական, լիարժեք ու անկախ հետաքննության իրականացմանը՝ քաղաքացիական հասարակության լիակատար վերահսկողությամբ։ Կոչն ուղղված է ԵԽԽՎ բյուրոյին, որից խնդրում են անցկացնել քննարկում վեհաժողովում՝ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեկ Սավիցկու՝ անկախ հետաքնություն իրականացնելու առաջարկի շուրջ՝ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում (ապրիլի 24-28)։
ՀԿ-ները նաև կոչ են անում ԵԽԽՎ անդամներին՝ միանալ դեռևս նախորդ նստաշրջանում ընդունված հայտարարությանը, որը ևս կոչ էր անում հաստատել արտաքին, լիովին անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ պատգամավորների ոչ պատշաճ վարքագծի ու կոռուպցիայի բոլոր մեղադրանքներով։ Այս հայտարարությանը, սակայն, միացել են ընդամենը 64 պատգամավոր։
Կոչ է արվում նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ՝ հանդես գալ խիստ հայտարարությամբ, որ չի լինելու կաշառակերության նկատմամբ ոչ մի հանդուժողականություն։
«Օրենքի գերակայությանը, ամբողջականությանը, թափանցիկությանն ու հանրային հաշվետվողականությանը հանձնառությունը պետք է լինեն ԵԽԽՎ-ի աշխատանքի առանցքային սկզբունքները։ Եթե նման որոշում չի կայացվում, ապա ԵԽԽՎ-ի հեղինակությանը հասցված վնասը կարող է լինել անուղղելի՝ թույլ չտալով ԵԽԽՎ-ին իրականացնել Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության խնամակալի իր դերը»,-ասվում է ՀԿ-ների նամակում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ