Huffingtonpost. Նախագահ Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է ամերիկյան «Huffingtonpost» պարբերականի սյունակագիր Հ.Ա.Գուդմանը:
«Նախագահ Թրամփը նվաճեց Սպիտակ տունը՝ խոստանալով փոխել Վաշինգտոնի քաղաքական մշակույթը և խրախուսել «Ամերիկյան առաջնահերթության» քաղաքականությունը: Բայց ի՞նչ է ստացվում, երբ պատմական փաստի ճանաչումը շարունակում է պայմանավորվել այլ ազգերի քմահաճույքներով: Մինչև այս պահը Թուրքիան շարունակաբար ճնշում է գործադրել Միացյալ Նահանգների վրա՝ ստիպելով խուսափել Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումից: Արդյունքում նախորդ նախագահ Բարաք Օբաման ևս խուսափեց այդ փաստի ճանաչումից, թեև խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»,-գրել է հեղինակը՝ հավելելով, որ պատմական փաստերի հետ հաշվի նստելու անկարողությունը բացասաբար է անդրադարձել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, ինչի արդյունքում առաջացած անհեռատեսութունը խանգարում է ամերիկյան միջամտությանը Սիրիայում և այլ խնդրահարույց վայրերում:
«Քանի որ Թրամփը չի առաջնորդվում ավանդական մոտեցումներով, կա հավանականություն, որ նա կկոտրի ընթացակարգը և ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-մեկնաբանում է Գուդմանը:
Հոդվածագիրը շեշտում է, որ թեև ամերիկյան նախագահների կաբինետները շարունակաբար խուսափել են կիրառել «Ցեղասպանություն» տերմինը՝ նկարագրելու համար 1915թ-ի իրադարձությունները, սակայն, այդ հասկացության հնարողը՝ ամերիկացի Դոկտոր Ռաֆայել Լեմկինը, ուսումնասիրել է Օսմանյան Կայսրությունում հայերի կոտորածները՝ այն ներկայացնելով որպես Ցեղասպանության դասական օրինակ՝ բառացի նշելով, որ «Ցեղասպանությունն առաջին անգամ պատահել է հայերի հետ»:
«Նախագահ Թրամփը ունի ներուժ ու հնարավորություն՝ անելու այն, ինչը համարձակության ու ինքնուրույնության պակասի պատճառով դեռևս չի հաջողվել անել ամերիկյան ոչ մի կառավարության:
Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչն իր նախորդները համարձակություն չեն ունեցել անելու: Դոկտոր Լեմկինն ուսումնասիրել է հայ ժողովրդի կոտորածները՝ «Ցեղասպանություն» հասկացությանը սահմանում տալու համար, և հիմա ժամանակն է եկել, որպեսզի Ամերիկան ունենա նախագահ, որը պատմությունը կդնի առաջին տեղում՝ ճշմարտությունից խուսափելու փոխարեն»,-եզրափակել է Հ.Ա.Գուդմանն իր հոդվածը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին