Հայ ժողովրդի համար ամեն օր ապրիլի 24 է, այլ խոսքով՝ պահանջատիրության օր. Արամ Առաջին
Անթիլիասի Մայրավանքում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այս առիթով սուրբ և անմահ պատարագ է մատուցվել, որից հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ թափորը շարժվել է Ցեղասպանության նահատակների հիշատակին բարձրացված աշխարհում առաջին հուշակաթողի մոտ՝ բարձրացնելու հայի պահանջատեր ձայնը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշոնական կայքից տեղեկանում ենք, որ հավաքին ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ, տարբեր կուսակցությունների, միությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արամ Առաջինն իր խոսքում ընդգծել է ապրիլի 24-ի կարևորությունն՝ ասելով. «Հայ ժողովրդի համար ամեն օր ապրիլի 24 է, այլ խոսքով՝ պահանջատիրության օր»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր պատգամի մեջ շեշտել է, որ Եվրոպան միշտ նպաստել է հայ դատին, որովհետև մոտիկից ծանոթ է հայ ժողովրդի ցեղասպանության և բռնաբարված իրավունքներին. «Հետևաբար սպասում ենք, որ Եվրոպան զանազան առիթներով դրանք պախարակող Թուրքիայի նկատմամբ ավելի քաջ կեցվածք ունենա»:
«Իսլամական և հատկապես արաբական երկրներում Թուրքիայի հետզհետե աճող ներկայությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ Միջին Արևելքում, բնականաբար նաև հայ դատի գծով: Հետևաբար, հարկավոր է շարունակել մեր աշխատանքները՝ արաբական և իսլամական երկիրների պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով Թուրքիայի հետապնդած պանթուրանական նպատակներին:
Անհրաժեշտ է մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ համակրանք ցուցաբերող Թուրքիայի մտավորական շրջանակների հետ կապեր հաստատել, ինչպես նաև գործակցության ուղիներ որոնել իսլամացած հայերի հետ»,- ասել է Արամ Առաջինը:
Նա նշել է, որ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներին զուգահեռ հրամայական է նաև իրավական դաշտում աշխատանքը՝ ընդգծելով, որ կորցրած ունեցվածքի նյութական արժևորումն անհետաձգելի անհրաժեշտություն է, նաև պետք է աշխատանքներ տանել տարբեր ենթահանձնախմբերի միջոցով մուտք գործել ՄԱԿ:
Վեհափառ Հայրապետը հիշել է նաև, որ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատի գծով Թուրքիան լուրջ դժվարություններ է հասցրել` հեռու պահելով փաստաբաններին անհրաժեշտ աշխատանքները կատարելուց, ինչպես նաև իրավական հանձնախմբի թուրք փաստաբաններից մեկին բանտարկելով։
«Հակառակ այս իրողությանը՝ իրավական գործընթացը պետք է շարունակենք»,- շեշտել է Արամ Առաջինը:
Նորին Սրբությունն իր խոսքը եզրափակել է՝ ասելով. «Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը կշարունակվի, պետք է շարունակվի առավել հավատով ու վճռականությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին