Այս հուշարձանը միևնույն ժամանակ կոչ է՝ չկրկնելու անցյալի սխալները. դեսպան Ադոնց
Իսպանիայի Առնեդո քաղաքում (Լա Ռիոխա) ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խաչքարը տեղադրվել է քաղաքի կենտրոնական «Santo Tomás» եկեղեցու բակում: Պաշտոնական արարողությանը մասնակցել են Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Առնեդոյի քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը և Առնեդոյի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, ինչպես նաև մյուս բանախոսները կարևորել են հայկական խաչքարի տեղադրումն Առնեդոյում՝ ընդգծելով դրա խորհուրդը, գեղագիտական արժեքը, հայ-իսպանական բարեկամության ևս մեկ օրինակ հանդիսանալը:
Դեսպան Ադոնցն իր խոսքում նշել է, որ այս հուշարձանը, նվիրված լինելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ կոչ է՝ ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից և չկրկնելու անցյալի սխալները:
Դեսպանը նաև անդրադարձել է հայ համայնքի դերին՝ որպես կամուրջ հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները