Թուրքիան այս անգամ ապրիլի 24-ին ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել
Պաշտոնական Անկարան, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականությանը և իրականությունը կեղծելու համար գործի դնելով բոլոր հնարավոր և անհնար միջոցները, այս անգամ ապրիլի 24-ին, Ցեղասպանության եղելություն հերքող գիրք է հրատարակել: «Էրմենիհաբեր» պարբերականի հաղորդմամբ, «Դեպի տեղահանություն տանող ճանապարհը» խորագրով գիրքը իբր թե ներառում է օսմանյան արխիվներից վերցված փաստեր:
Գիրքը հանրությանը ներկայացրել է Թուրքիայի պետական արխիվների տնօրեն Ուղուր Ունալը: Նա նշել է, որ 700 էջից բաղկացած գրքում «ներկայացվում են փաստեր հայերի ապստամբության և հայերի կողմից կազմակերպված մահմեդականների կոտորածների մասին»:
Ունալը տեղեկացրել է նաև, որ օսմանյան արխիվների՝ հայկական հարցին վերաբերող բոլոր փաստաթղթերը շուտով կթվայնացվեն և հասանելի կլինեն ողջ աշխարհին:
Տեղեկանք. Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում