Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ՝ Շվեդիայում
Ապրիլի 23-ին Շվեդիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց դուդուկահար Հայկ Հակոբյանը:
Շվեդիայի հայկական միությունների համադրոող կենտրոնի և Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ շվեդահայ համայնքի ներկայացուցիչները այցելել են շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի շիրիմին, որը ցեղասպանության տարիներին միսիոներական գործունեություն էր իրականացրել Արևմտյան Հայաստանում, փրկել բազմաթիվ հայորդիների կյանք։
Այնուհետև Ստոկհոլմի Հումլեգորդեն հրապարակից երթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն: Դրանից հետո Հոգալիդ եկեղեցում Սկանդինավիայի հայ եկեղեցու հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Մեծ Եղեռնի Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, հայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ, շվեդ քաղաքական գործիչներ:
Պատարագից հետո «Հայկանի» խմբի անդամների՝ դուդուկահար Հայկ Հակոբյանի, դաշնակահար Անի Թովմասյանի, երգչուհի Անի Ռուստամյանի կատարմամբ հնչել է հոգևոր և դասական երաժշտություն: