Էրդողանի քայլերը որևէ լավատեսության հիմք չեն տալիս. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի «Ելք» դաշինքի թենածու Նիկոլ Փաշինյանը։
«Հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցով։ Նա հարցը դիտարկում է փաթեթի մեջ, բայց համաձայնվեք, որ երկու անկախ պետությունների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»,-ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով Թուրքիայի նախագահ Էրդողանն ինչպե՞ս կգնա Հայաստանի հետ սահմանը բացելուն, քաղաքապետի թեկնածուն նշեց՝ մենք ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք։
«Ակնհայտ է, որ Էրդողանի քայլերը որևէ լավատեսության հիմք չեն տալիս։ Մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք և այնպիսի հույսեր չփայփայենք, որոնք որևէ փաստով հիմնավորված չեն»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հայտարարություններին, որ, օրինակ, մետրոյի նոր կայարան գործարկելու միջոցներ չկան (նման խոստում տվել է Նիկոլ Փաշինյանը, եթե ընտրվի քաղաքապետի պաշտոնում) , Փաշինյանը պատասխանեց՝ Տարոն Մարգարյանն ինքը թող պատասխանի՝ այդ ինչպե՞ս է, որ իր կուսակից ընկերները քաղաքի բյուջեին չեն վճարում այնքան, որքան պետք է վճարեն։
«Երևան քաղաքը տարեկան մեկ միլիոն դոլար ծախսում է միայն ծառայողական ավտոմեքենաների վրա։ Ինչո՞ւ պետք է Երևանի քաղաքապետարանում 70 և ավելի ծառայողական ավտոմեքենա լինի, որոնք տարեկան 1 մլն դոլար կծախսեն։ Մենք ասում ենք, որ մետրոյի շինարարությունը չպետք է կանգնի։ Կարող է դա արվի այս տարի 1 միլիոն դոլարի շրջանակում, մյուս տարի՝ 10, այուհետ՝ 30 միլիոն դոլարի շրջանակներում, բայց մետրոյի շինարարությունն ընդհանրապես չպետք է կանգնի»,- ասաց դաշինքի անդամը։
Անդրադառնալով երեկվա հայտնի միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նշված անձը բերման է ենթարկվել և բացատրություններ է ներկայացրել։ «Ես այսօր եղել եմ ոստիկանությունում, հաղորդում եմ տվել հանցագործության մասին, ընթանում է հետաքննություն։ Կոնկրետ մարդ կա՝ Գրիգոր Ավետիսյան անունով, որը մամուլի տեղեկություններով դեկտեմբերին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի հարազատ եղբայրն է և ՀՀԿ-ի վստահված անձ է եղել ԱԺ ընտրություններում։ Ակնկալում եմ, որ պատշաճ հետաքննություն կընթանա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակում մի քաղաքացի փորձել էր խոչընդոտել «Ելք»-ի նախընտրական քարոզչությունը։ Ավելի ուշ նա բերման էր ենթարկվել, ընթանում է հետաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ