Տաճատ Վարդապետյան. «Մանուկյանի մեքենայի այրելու գործով արդար հետաքննության հույս ունենք»
10 տարուց ավելի գործող «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը Երևանի ավագանու ընտրություններում սատարում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց միության համանախագահ, ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում վիրահայերի և ջավախահայերի թիվը պակաս չէ 5 հազարից:
«Մենք համագործակցում ենք Հանրապետական կուսակցության հետ, և ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, ում բարեհաճ վերաբերմունքի արդյունքում կուսակցության համամասնական ցուցակում նաև ջավախահայեր են ընդգրկվել: 2007 թվականից ի վեր՝ ԱԺ-ում կոնկրետ մեր միությունից 2 պատգամավոր ենք ունեցել»,- ասաց նա:
Հարցին՝ քանի՞ վիրահայ թեկնածու է ընդգրկված ՀՀԿ ավագանու ցուցակում, Տարոն Վարդապետյանը նշեց՝ առայժմ ոչ մի, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը, որպես կառույց, ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել:
Անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանի և նրա հոր մեքենաներն այրելու միջադեպին, բանախոսը նշեց, որ հանցագործության մանրամասները դեռ բացահայտված չեն, ընթանում է հետաքննություն:
«Նյութական մեծ վնաս չի եղել, հարևանի աղջիկը ժամանակին դուրս է եկել և ամեն ինչ կանխվել է: Մտածում եմ, որ այդ սրիկայություն կատարողը կարող է մի հայազգի տականք լինել, չեմ կարծում, որ այլազգի որևէ մեկը նման բան արած լինի: Կարծում ենք՝ սա քաղաքական ենթատեքստ ունի: Արդար հետաքննության հույս ունենք»,- ասաց պատգամավորը:
Տաճատ Վարդապետյանը նշեց, որ երեկ՝ ապրիլի 24-ին, Ջավախքում ջահերով երթ և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այլ միջոցառումներ են անցկացվել: Չնայած Թբիլիսիի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայ համայնքի ցույցը, սակայն բազմաթիվ հայեր և վրացիներ անցել են դիվանագիտական ներկայացուցչության դիմացով և Թուրքիայի ժխտողականությունը դատապարտող վանկարկումներ արել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին