Վանաձորի ավագանու թնջուկը լուծվել է. մարզպետ
«Վանաձորի ավագանու թնջուկը լուծվել է, Վանաձորի ավագանու նիստերը կայանում են, որևէ խնդիր չունենք»,- այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ հավելելով, որ նույնիսկ 9 հոգով կարելի է ավագանու նիստ գումարել ու լեգիտիմ որոշումներ ընդունել, եթե օրենքը թույլ է տալիս, ինչում է խնդիրը:
Անդրադառնալով նիստերը բոյկոտող ընդդիմադիր հատվածին՝ Արթուր Նալբանդյանն ասաց. «Եթե ընդդիմադիր հատվածն ասում է, որ իրենք մեծամասնություն են կազմում, և այս օրակարգային հարցերն իրենց սրտով չեն, թող գնան դեմ քվեարկեն, այդ թվում՝ ամենակարևոր խնդիրներին: Ի՞նչ է եղել, թող դեմ քվեարկեն, չանցնեն որոշումները: Ավագանին այդ ժամանակ չի կարող որևէ բան անել»:
Հարցին, թե սա նշանակում է, որ բոյկոտելով իրականում աջակցո՞ւմ են քաղաքապետին, մարզպետը պատասխանեց. «Իհարկե աջակցում են»:
Արթուր Նալբանդյանը նաև նշեց, որ այս փուլում Վանաձորում շատ կարևոր հարցեր են քննարկվում՝ համայնքի բյուջեն, հնգամյա զարգացման ծրագիրը: