ՄԱԿ-ում անընդունելի են համարել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա
Հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա և պատգամավորներին ծեծի ենթարկելն անհարդուրժելի են: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով երկրի իրադրությունը խորհրդարանի խոսնակի ընտրություններից հետո:
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին լուծել վեճը դիվանագիտական ճանապարհով՝ սահմանադրության համապատասխան, որպեսզի առանց ձգձգումների հաղթահարեն քաղաքական փակուղին»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Նախօրեին Մակեդոնիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել էթնիկ ալբան Թալաթ Ջաֆերին, ինչը դժգոհություն է առաջացրել և հանգեցրել բողոքավորների հարձակմանը խորհրդարանի վրա:
Բողոքավորները երեկոյան բռնությամբ ներխուժել են Հանրապետության ժողովի շենք և ծեծել ընդդիմության առաջնորդ Զորան Զաևին և ընդդիմադիր՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության մի քանի պատգամավորների, ինչպես նաև ալբան խորհրդարանական Զիյադին Սելին:
Երեկոյան Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումն իրականացրել Է պատգամավորների ազատման գործողություն, որոնց արգելափակել էին խորհրդարանի մամուլի կենտրոնում: Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն ուղերձով դիմել է ազգին և հորդորել խոշորագույն կուսակցությունների առաջնորդներին՝ միասին քննարկել քաղաքական ճգնաժամից խաղաղ ելք գտնելու միջոցը։