Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը բարձրացվել են հայությանը հուզող խնդիրներ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նախօրեին այցելել է Ախալցխա: akhaltskha.net-ի հաղորդմամբ, նախագահի այցելությունը սկսվել է Իվանե Ջավախիշվիլու անվան համալսարանից, որից հետո Մարգվելաշվիլին այցելել է Ախալցխայի Ժողովրդավարության Ներգրավվման կենտրոն և հանդիպել քաղաքի հասարակությանը, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին և քաղաքական կուսակցությունների անդամներին:
Հանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի բնակչությանը Վրաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների ծրագրին: Նախագահը իր խոսքում հատուկ ուշադրություն է դարձրել սահմանադրական բարեփոխումների նախագծի այն կետերին, որոնք այս տեսքով վնասելու են երկրի ժողովրդավարությանը և որոնց շուրջ, նախագահի կարծիքով, հասարակությունը պետք է հայտնի իր դիրքորոշումը:
Հանդիպմանը հայկական կողմից ներկա են եղել դպրոցի ուսուցիչներ և հասարակական գործիչներ: Նրանց շարքում էին Ախալցխայի քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանը, հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանը, Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը և Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը:
Հանդիպման ժամանակ Գևորգ Հակոբյանը նախագահին ներկայացրել է Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող խնդիրներից մեկը՝ մասնավորապես Վրաստանի քաղաքացիությունից զրկված տեղացիների խնդիրները, ովքեր արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով ստացել են ՀՀ քաղաքացիություն և զրկվել Վրաստանի քաղաքացիությունից ու հիմա մերժումների պատճառով չեն կարող վերականգնել իրենց նախկին քաղաքացիությունը: Նա իր խոսքում հատուկ շեշտել է, որ երկքաղաքացիություն տրամադրելու և մերժելու հարցը ուղիղ պատկանում է երկրի նախագահին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերով՝ ինքը չի տեսնում ոչ մի դժվարություն, որ տվյալ անձինք, ովքեր ծնվել են այս շրջանում, ստանան երկքաղաքացիություն:
Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանի խոսքերով՝ Ախալցխայում տարբեր ոլորտների համար շատ կան գրագետ մասնագետներ, սակայն շատ հաճախ տարբեր պաշտոնների համար Ախալցխա են հրավիրվում մասնագետներ այլ շրջաններից:
Նախագահը նշել է, որ, իրոք, կան նման պաշտոններ, որոնց նշանակումը կատարվում է կենտրոնական իշխանության կողմից, սակայն կան պաշտոններ, որոնք պետք է զբաղեցնեն տեղացիները:
Նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանի խոսքերով՝ օրեր առաջ, ապրիլի 24-ին համայն հայությունը և ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ առիթով նախագահ Օլանդը, ինչպես նաև այլ Եվրոպական երկրների նախագահներ հանդես են եկել հայտարարություններով:
«Ճիշտը, որ ասենք, մենք՝ Վրաստանի 300 000 հայ քաղաքացիներս, սպասում էինք, որ դուք ևս հանդես կգաք հայտարարությամբ: Իմ երկրորդ հարցը այն է, թե Դիդգորը նշում եք, թե ոչ (Դիդգորի ճակատամարտը վրացական զորքերի հաղթանակն է թուրքական զորքերի դեմ): Ինչքան գիտեմ՝ թուրքերը շատ վիրավորվեցին, որ այդ տոնը ուզում էիք նշել», -ասել է Գրիգոր Մինասյանը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նշել է. «Այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել 1915թ. դա մեծ մարդկային ողբերգություն էր, որը տեղի էր ունեցել Օսմանյան կայսրությունում: Ինչ վերաբերվում է Դիդգորիի տոնելու հետ, ապա կրկնեմ, որ այս ամենի հետ կապված շատ տեղեկություններ են պետք, որովհետև միակողմանի տեղեկության հիման վրա չպետք է անենք եզրակացություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին