Անգլիացի պատգամավոր. Մեծ Բրիտանիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ թագավորության բարոյական պարտքն է հայ ժողովրդի հանդեպ», – ասում է բրիտանացի պատգամավոր, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը: Նա բազմիցս բարձրացրել է ցեղասպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը:
Փաունդը անձամբ այցելել է Արցախ` Ստեփանակերտ, որը նա անվանում է ժամանակակից քաղաք:
Նրա կարծիքով եվրոպացի պատգամավորների այցերը Արցախ կարևոր են, քանի որ Ադրբեջանը քարոզչություն և ապատեղեկատվություն է տարածում արևմուտքում: Դա իրականացվում է հիմնականում «Եվրոպայի ադրբեջանական ընկերություն» (TEAS) կազմակերպության միջոցով, իսկ Ադրբեջանում հատուկ վերաբերմունք է ցուցաբերվում եվրոպացի պատգամավորների հանդեպ:
«Բոլոր հետսովետական հակամարտությունների մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենավատթարն է եղել, քանի որ [Արցախը] ստիպողաբար` մարդկանց կամքին հակառակ, Ադրբեջանի կազմի մեջ է մտցվել Ստալինի կողմից: Պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանը թուրքական երկիր է, ինչը ստիպում էր շատ հայերի զուգահեռներ անցկացնել անցյալի հետ: Ղարաբաղում բնակչության մեծ մասը հայեր էին, իսկ մարդկանց պետք է հնարավորություն տրվի ընտրել, թե որտեղ են նրանք ուզում ապրել – նրանք ուզում էին ապրել Հայաստանում», - ասում է Փաունդը` միևնույն ժամանակ տարակուսանք հայտնելով, որ Ադրբեջանը, ի տարբերություն Արցախի, առ այսօր չի լուծում փախստականներին կացությամբ ապահովելու հարցը:
«Ադրբեջանը ձախողված պետություն է: Այդ պետությունը հիմնված է կաշառակերության վրա, այն շատ հարուստ է և շատ կոռումպացված բոլոր մակարդակներում` նախագահից մինչև իր ընտանիքի անդամները: Ադրբեջանցիները շատ ավելի կարևոր խնդիրներ ունեն լուծելու քան Արցախի մասին մտածելն է: Երբ ունես ձախողված պետություն, ամենահեշտ բանը արտաքին աշխարհում թշնամի գտնելն է: Հայաստանի մասին անհանգստանալու փոխարեն ադրբեջանցիները պետք է նայեն հայելու մեջ», – ասում է Սթիվեն Փաունդը:
Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին` Փաունդն ասում է. «Կարծում եմ ես, ինչպես նաև խորհրդարանի բոլոր մյուս պատգամավորները, պարտք են հայերին այս հարցում, քանի որ մենք 1915թ.-ին նրանց չօգնեցինք»:
Նա նաև ընդգծում է, որ հայկական մշակույթը, որը Օսմանյան կայսրությունը փորձ արեց ոչնչացնել, բարձր և առաջադեմ մշակույթ էր: Նա պատմում է մի պատմություն, որն իրեն շատ տպավորել է, այն մասին, թե ինչպես են 1915թ.-ից հետո մի խումբ հայ որբեր հայտնվել Եթովպիայում և մաս կազմել մի նվագախմբի, որը կանգնած էր ժամանակակից ջազ երաժշտության ակունքներում:
Անդրադառնալով ցեղասպանության փոխհատուցումների հարցին` Փաունդը ասում է. «Փոխհատուցման պահանջը միանգամայն արդարացի է և վավեր: Գերմանիան փոխհատուցում վճարեց Լեհաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո… դա նշանակում է, որ Լեհաստանն այժմ կարող է լավ հարաբերություններ ունենալ Գերմանիայի և [Ավստրիայի] հետ… Փոխհատուցումներն էական են, քանի որ դրանք առարկայական դրսևորումներ են: Եթե Գերմանիան և Ավստրիան կարողացան դա անել, ապա կարծում եմ Թուրքիան նույնպես կարող է»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ