Խորհրդարանում ընդդիմության ամբողջ բեռը մնացել է «Ելք»-ի ուսերին. Կարեն Քոչարյան
«Ի դեմս նոր խորհրդարանի՝ ունենաք այն, ինչ ունենք: Այս իրավիճակում ԱԺ-ում են հայտնվել դեմքեր, որոնք շատ դեպքերում քաղաքականության հետ որևէ կապ չունեն»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Անդրադառնալով Արա Բաբլոյանի՝ ԱԺ նախագահ նշանակվելու փաստին՝ բանախոսը նկատեց՝ նա դարձել է կոմպրոմիսային ֆիգուր: Բաբլոյանը, ըստ քաղտեխնոլոգի, հասարակության համար ընդունելի է, ընդունելի է բոլոր քաղաքական ուժերի և հենց ՀՀԿ-ի համար:
«Արա Բաբլոյանը օդիոզ չէ, թաթախված չէ քաղաքական պատմությունների մեջ»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը՝ միաժամանակ հավելելով, որ վեցերորդ գումարման խորհրդարանը նախորդներից ոչ մի բանով չի տարբերվի:
Քաղտեխնոլոգը նաև շեշտեց՝ ԱԺ նախագահի երեկվա քվեարկությունից հետո ակնհայտ դարձավ, որ խորհրդարանում ընդդիմության ամբողջ բեռը մնացել է «Ելք»-ի ուսերին:
Անդրադառնալով խորհրդարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ Կարեն Քոչարյանը նշեց՝ այն ուղղված էր արտաքին աշխարհին, սակայն նաև ծրագրային էր:
«Խոսվեց շատ տարբեր թեմաների մասին: Ոմանք պնդեցին, որ սա ապագա վարչապետի ելույթ էր: Ես սրա հետ համաձայն չեմ: Կարծում եմ՝ սա էլիտային, քաղաքական դաշտին, բիզնես համակարգին, անվտանգության ապահովման կառույցներին ուղղված ուղերձ էր»,- ամփոփեց քաղտեխնոլոգը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր արտաքին աշխարհին. քաղաքագետ
- Սերժ Սարգսյան. 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի
- Սերժ Սարգսյան. Մեր երկրի առջև ծառացած խնդիրները բացառում են չարվածի համար անընդհատ արդարացումներ փնտրելը
- Սերժ Սարգսյան. Չարաչար սխալվում են բոլորը, ովքեր կարծում են, թե սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում
- Սերժ Սարգսյան. Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է