Տրանսպորտի հարցի լուծումն իսկական փրկություն է. Հայանիստի բնակիչ
Արարատի մարզի Հայանիստ համայնքի տրանսպորտի խնդիրը մոտ 2 ամիս է՝ լուծվել է։ Գյուղացիների կողմից 5 տարի շարունակ բարձրաձայնվող պահանջը՝ Խաչփառ գյուղը սպասարկող 35 համարի ավտոբուսը սպասարկի նաև Հայանիստն ու Գետաշեն թաղամասը, վերջապես բավարարվել է: Խաչփառ գյուղը սապասարկող 35 համարի ավտոբուսը գյուղը սպասարկել սկսել է մարտի 30-ից:
Մինչ այդ Հանիստի բնակիչներին սպասարկում էր Արմավիրի մարզից եկող 487 երթուղին, որը մինչ համայնք հասնելն անցնում էր 6 գյուղի միջով և Հայանիստ հասնում արդեն ծանրաբեռնված վիճակում:
«Շատ ուրախ ենք, որ տրանսպորտի հարցը լուծվել է, 35 համարի ավտոբուսը փրկում է մեզ։ Մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված գնում է։ Հիմա կկարողանանք հանգիստ Երևան հասնել, գիշերներն էլ ստիպված չենք լինի տաքսիով գյուղ վերադառնալ։ Մայրաքաղաքից ընդամենը 7 կմ հեռու է Հայանիստը, բայց տրանսպորտ չլինելու պատճառով, կարծես, աշխարհից կտրված լիներ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայանիստի բնակիչ Թոռնիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ավտոբուսն աշխատում է 10-15 րոպե միջակայքով։
Հիշեցնենք, որ գյուղացիները բազմիցս նամակ-դիմումով տարբեր գերատեսչություններ էին դիմել, վերջերս նաև վարչապետ Կարեն Կարապետյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, սակայն մերժվել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ