Ծառուկյանի թիկնազորի պետի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել «Շանգրի Լա»-ում. ՀԺ
Ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, միջադեպը ծագել է խաղատան 3 այցելուների ոչ սթափ լինելու պատճառով: Նրանք վեճի են բռնվել խաղատան աշխատակիցների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Շանգրի Լա»-ի թիկնազորը փորձել է կարգի հրավիրել նրանց: Ականատեսների պատմածով՝ նրանց է միացել Էդուարդ Բաբայանը, որի ձեռքին զենք է նկատվել: Ծեծվածներից մեկը փորձել է փախչել, սակայն աշխատակիցները բռնել և Էդուարդի մոտ են բերել նրան, որից հետո ծեծը շարունակվել է:
Որոշ տեղեկություններով՝ մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փոխանցեցին, որ նշված միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չեն ստացել, բայց թերթի հրապարակումն ուսումնասիրվում է: