ՀՌԱՀ անդամների թափուր տեղերի համար մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է. «Հրապարակ»
Նախագահն օրերս մրցույթ է հայտարարել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է: Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ թեկնածուների անունները հայտնի կդառնան դիմելուց հետո, այժմ ոչինչ չի կարող ասել:
«ՀՌԱՀ-ում այժմ 2 թափուր տեղ կա, մեկը՝ Ժիրայր Դադասյանինը, մյուսը՝ Վլադիմիր Օհանյանինը: Այս տեղերի համար մի քանի հավակնորդների անուններ կան։ Վլադիմիր Օհանյանը նույնպես մտադիր է դիմել և վերանշանակվել (ՀՌԱՀ անդամը 2 անգամ կարող է ընտրվել): ՀՌԱՀ անդամի պաշտոնի համար շրջանառվում են նաև նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանի, Նարեկ Սարգսյանի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանի անունները: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց ՀՌԱՀ գնալու մասին լուրերը: Ի դեպ, ՀՌԱՀ-ն այժմ 8 անդամ ունի՝ նախագահը Գագիկ Բունիաթյանն է, անդամներն են Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Տիգրան Հակոբյանը, Արմեն Մկրտչյանը, Ռոլանդ Շառոյանը, Ժիրայր Դադասյանը, Վլադիմիր Օհանյանը։ Դադասյանը, որ ՀՌԱՀ նախագահի տեղակալն է, այլևս չի կարող մասնակցել մրցույթին, նա 2 ժամկետ արդեն պաշտոնավարել է»,-գրել է թերթը: