Պռոշյանի գյուղապետի միակ մրցակիցը անկուսակցական կին է
Մայիսի 24-ին լրացել է օրենքով սահմանված ժամկետը, երբ պետք է գրանցվեն հունիսի 18-ի ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուները:
ԿԸՀ պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ Կոտայքի մարզի Պռոշյան ու Նոր Հաճըն համայնքներում մեկական թեկնածուները հետ են վերցրել գրանցման համար ներկայացված փաստաթղթերը:
Այս պահի դրությամբ Պռոշյան համայնքում առաջադրված է երկու թեկնածու: Գործող ՀՀԿ-ական գյուղապետի հետ պայքարելու է անկուսակցական, ինքնաառաջադրված Արմենուհի Մելիքյանը: ՀՀԿ-ն սատարում է գործող գյուղապետին:
Հետագա պայքարից հրաժարվել է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
Նոր Հաճընում էլ պայքարից հրաժարվողը համայնքապետարանի աշխատակիցն է: Այս պահին գյուղապետի պաշտոնի համար պայքարելու են 3 թեկնածուներ, որոնք անկուսակցական են ու ինքնաառաջադրված:
Վերընտրվելու համար պայքարելու է գործող համայնքապետ Գագիկ Մաթևոսյանը: Նրա մրցակիցներն են Արմեն Քեշիշյանն ու Հայկ Կիրակոսյանը:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 31-ին, կշարունակվի մինչև հունիսի 16-ը: Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչև հունիսի 8-ը: