Արքայազն Ուիլյամը ապարդյուն փորձել է փրկել խեղդվող դեռահասին
Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը մասնակցել է լճում խեղդվող 16 ամյա պատանուն օգնություն ցուցաբերելու փրկարարական գործողությանը։
Daily Telegraph-ին հղում անելով՝ «ՏԱՍՍ»-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ Լոնդոնի մերձակա Lee Valley Park զբոսայգում:
Երբ դեռահասը սկսել է լողալու ընթացքում խեղդվել, դեպքի վայր են կանչել փրկարարներին։ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը նստել է շտապօգնության ուղղաթիռի ղեկին և ժամանել զբոսայգի՝ գտնելու տղային:
«Մենք տեսանք, թե ինչպես ուղղաթիռը վայրէջք կատարեց, և նա վազեց տեսնելու, թե ինչ Է տեղի ունենում: Մենք չէինք սպասում տեսնել արքայազն Ուիլյամին»,-հայտնել է ականատեսներից մեկը։
Դեռահասին փրկել այդպես էլ չի հաջողվել, մոտավորապես մեկ ժամ տևած որոնումներից հետո ջրում հայտնաբերել են նրա մարմինը:
Աղբյուրը հայտնում է, որ արքայազն Ուիլյամը Արևելյան Անգլիայի օդային շտապօգնության ծառայության (East Anglian Air Ambulance) օդաչու է։