Անհանգստացնող է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ռազմական գործերում ներքաշում են նաև Վրաստանին. վրացագետ
Վրացագետ Ալիկ Էրոյանցը դժվարանում է կանխատեսել՝ տարածաշրջանի համար ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը:
Ինչպես նա ասաց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, եռակողմ համագործակցության հետևանքների մասին առավել հեշտ կլինի խոսել, երբ հայտնի դառնան պայմանագրի մանրամասները։
Վրացագետը միաժամանակ հիշեցրեց, որ նախկինում եղած պայմանավորվածությունների համաձայն՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համագործակցում են հակաահաբեկչության, հաղորդակցության և երկաթգծի անվտանգության ապահովման բնագավառներում։
Անդրադառնալով եռակողմ պայմանագրի՝ Հայաստանի համար վտանգ պարունակելու հանգամանքին՝ Ալիկ Էրոյանցը նշեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան, այսպես թե այնպես, Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն են վարում։ Սակայն անհանգստացնող է հատկապես այն, որ այս գործի մեջ են ներքաշում նաև բարեկամական Վրաստանին։
«Սա մեզ համար, իհարկե, պետք է անհանգստացնող լինի, քանի որ այս փորձերն ինչ-որ առումով հաջողության են հասնում։ Այլ հարց է, թե դրանք հետագայում ինչ խորություն կունենան, և Վրաստանի հետագա մոտեցումներն ինչպիսին կլինեն»,- ամփոփեց վրացագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին