Առաջադրվել են այս տարվա դրամահավաքի թեմաները. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստում ընթացքում քննարկվել են այս տարվա դրամահավաքի թեմաները, որոնք առաջադրվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը:
«Թեմաները երկուսն են՝ առաջինը խորքային հորերի ջրերի ծրագիրն է, որոնց շնորհիվ մենք հույս ունենք, որ Արցախում այս պահին չոռոգվող տարածքների մեծ մասը կսկսի ոռոգվել և շատ լուրջ ազդեցություն կունենա գյուղատնտեսության զարգացման վրա։ Երկրորդը՝ արևային էներգիայի օգտագործման մասին է։ Նման ծրագիր հիմնադրամն արդեն իսկ սկսել է Տավուշի մարզում, ձեռք է բերվել որոշակի փորձ և մյուս տարի Արցախում արդեն կկարողանանք գրեթե բոլոր գյուղերում միանգամից սկսել այս ծրագիրը։ Առաջին փուլը նվիրված է լինելու դպրոցներին և համայնքնային կենտրոններին՝ ամբողջական հոսանքի պահանջն արևային էներգիայով բավարարվելու համար»,- մանրամասնեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր խորքային հորի հորատման համար պահանջվում է մոտավորապես 50 հազար ամերիկյան դոլար. «Այս պահին Արցախում մոտ 180-200 հոր է պահանջված։ Չեմ կարող ասել, թե որքան կանենք առաջին դրամահավաքի արդյունքում, բայց միանշանակ կարող եմ ասել, որ ծրագիրն ընդունվել է ոչ միայն մեկ տարվա համար, այլ կշարունակենք ծրագրի համար բարերաներ ման գալ»։
Նա համոզված է, որ երկու ծրագիրն էլ կունենան շարունակական բնույթ։
«Հպարտ ենք, որ համահայկական հիմնադրամին սատարում են այսքան մեծ քանակությամբ բարերարներ, կգա մի օր և կփաստենք, որ մեզ սատարում են ոչ թե 700 հազար հայ, այլ՝ 10 միլիոն բարերար»։
Լրագրողների հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հիմնադրամի կողմից ամենամյա դրամահավաքին տարեցտարի ավելի քիչ գումար է հավաքվում, Վարդանյանը պատասխանեց. «Հիմնադրամը ստանում է երկու տեսակի գումարներ՝ մեծ և փոքր նվիրատվությունների տեսքով: Փոքր նվիրատվություններն ընդհանուր դրամահավաքի թվի 50-70 տոկոսն է կազմում, որոնք հավաքվում են 100 կամ 200 հազար անձանցից: Եվ կան մեծ նվիրատվություններ, օրինակ՝ անցած տարի մենք ունեցանք 5 մլն նվիրատվություն մեկ հոգուց՝ Անդրանիկ Բաղդասարյանից: Իր տված գումարի շնորհիվ հավաքված գումարը դարձավ 15 մլն: Հիմա եթե մյուս տարի մենք հավաքենք 10 մլն, դուք չեք կարող ասել, որ մենք քիչ ենք հավաքել, քանի որ չես կարող մարդուն պարտադրել, որ յուրաքանչյուր տարի քեզ 5 մլն տա։ Դրա համար որպես ցուցանիշ միշտ պետք է օգտագործել մասնակիցների քանակը»,- ասաց նա։
Մեկ այլ հարցի, թե հեռուստամարաթոնի ձևաչափի փոփոխություններ սպասվում են, թե ոչ, հիմնադրամի նախագահն ասաց, որ դրանք աշխարհում լինում են մեկ ֆորմատով և ճիշտը դա է.«Միակ բանը, որ կարող է փոխվել և ինչ վրա աշխատում ենք, դա ավելի երկար ուղիղ միացում ունենալն է Հայաստան և Արցախ»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հիմնադրամի ծրագրերը և աշխատանքներն տպավորիչ են թե՛ քանակով և թե՛ որակով
- Արա Վարդանյան. Համահայկական մեր գերնպատակը մնում է անփոփոխ
- Սերժ Սարգսյան. «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը
- ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին