Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ հույս ու հավատ հայ ժողովրդի համար. Պատմաբան
1918 թվականի մայիսի 28-ին 543 տարի անկախ պետականություն չունեցող հայ ժողովուրդը ձեռք բերեց անկախություն: Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակների արդյունքում իրականություն դարձած անկախությունը երկար կյանք չունեցավ. Հայաստանի առաջին հանրապետությունը գոյություն է ունեցել երկուսուկես տարի: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայանացվեց. ստեղծվեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը: Բայց և այնպես, այդ երկուսուկես տարին Հայաստանի և հայության համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող ժամանակահատված է:
Պամական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը, ով Հայաստանի առաջին Հանրապետությանը վերաբերող երկու գրքի և երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, Առաջին Հանրապետության կազմավորումը համարում է դարակազմիկ իրադարձություն:
«Հայոց բազմադարյան պատմության մեջ Առաջին Հանրապետությունը կարևորվում է առաջին հերթին նրանով, որ շուրջ 600 տարվա ընդհատումից հետո հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքարի արդյունքում ստեղծեց անկախ պետություն, որը հիմք դարձավ հետագա պետականությունների շարունակականության համար: Հայաստանի առաջին Հանրապետության հիման վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը կամ, ինչպես ընդունված է ասել, Հայաստանի երկրորդ Հանրապետությունը, որի հիմքի վրա էլ ստեղծվեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
Պատմաբանն ընդգծեց, որ առաջին Հանրապետությունը հայ ժողովրդին տվեց անկախ ապրելու ձգտում, հույս, հավատ, ինչը շատ կարևոր է, ցույց տվեց, որ հայությունը նոր ժամանակներում ևս կարող է ստեղծել անկախ պետություն, կառավարել ու զարգացնել այն:
«Եթե 1918 թվականի մայիսյան հաղթանակների արդյունքում չստեղծվեր Հայաստանի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, հայկական տարածքներն ամբողջությամբ կբաժանվեին հարևան Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Նույնը կարող էր լինել նաև Հայաստանի խորհրդայնացումից հետո: Նաև այս տեսանկյունից պետք է գնահատել Հայաստանի առաջին Հանրապետության գոյության փաստը»,- ասաց նա:
Նրա ներկայացմամբ, Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստեղծվեց պետական կառավարման համակարգ, մարմիններ, որոնք փոխանցվեցին Խորհրդային Հայաստանին. «Դա էլ այն միջոցներից մեկն է, որ ցույց է տալիս երկու պետականությունների շարունակականությունը: Օրինակ, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, բացի նախարարից՝ Սիմոն Վրացյանից, մյուս աշխատակիցները շարունակեցին պաշտոնավարել Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատում: Նույնը տեսնում ենք նաև Հանրային կրթության և արվեստի նախարարության դեպքում: Խորհրդայնացումից հետո գրեթե ամբողջական կազմը պահպանվեց. աշխատանքից ազատվեց չորս դաշնակցական ղեկավար գործիչ, մնացած աշխատակազմը պահպանվեց: Ի դեպ, նույն երևույթը կարող ենք տեսնել նաև Խորհրդային Հայաստանից Հայաստանի երրորդ Հանրապետությանն անցման ժամանակ»:
Պատմաբանի խոսքով, պետք է հաշվի առնել, որ դժվարին ժամանակաշրջանում է ստեղծվել և գոյատևել առաջին Հանրապետությունը. «Երկուսուկես տարի շարունակ անընդհատ հարևանների հետ հակասություններ, տարածքային-սահմանային վեճեր, պատերազմներ, հանրապետության ներսում թուրք-թաթարական խռովություններ, հայ բոլշևիկների մայիսյան հակապետական ապստամբություն: Կարճ ասած՝ պետությունը շնչելու ժամանակ չի ունեցել»:
Նա կարծիք հայտնեց, որ պետք է խուսափել նաև 1918-1920 թվականների ժամանակահատվածը գունազարդված ներկայացնելուց:
«Առաջին Հանրապետությունում եղել են նաև անարդարություններ, խոսքի, մամուլի ազատության արգելքներ, ընտրակեղծիքներ: Բնակչության սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր էր, ընչազուրկ մարդկանց թիվը մեծ էր, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հարյուր հազարավոր գաղթանականներ էին տեղափոխվել Արևելյան Հայաստան»,- ասաց պատմաբանը:
Հ.Սուքիասյանի կարծիքով, առկա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ 1920 թվականի աշնանը հնարավոր չէր պահպանել Հայաստանի առաջին Հանրապետությունը, կամ գուցե այն ընդամենը երկու-երեք ամիս ավել կարող էր գոյատևել: «Երբ 1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայանացվեց, դա ազդակ էր, որ տարածաշրջան վերադարձած Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակը գրավելու և խորհրդայնացնելու է նաև Անդրկովկասի մյուս հանրապետությունները՝ Հայաստանը և Վրաստանը»,- ասաց նա:
Նա նշեց, որ պատմաբանները երբեմն վիճում են այն հարցի շուրջ, որ եթե 1920 թվականի մայիսին Հայաստանը խորհրդային դառնար, գուցե այսօր ավելի մեծ տարածք ունենար:
«Եթե նայում ենք այսօրվա տեսակետից, հարցադրումը իրական է թվում, բայց երբ նայում ենք այն օրերի մարդկանց մտածելակերպի տեսակետից, դա անհնարին է թվում: Տասնամյակների պայքարի արդյունքում ձեռք բերված անկախությունից շատ դժվար էր հրաժարվել, Հայաստանի Հանրապետության ղեկավարների համար հեշտ չէր միանգամից կողմնորոշվել ու հայտարարել՝ հրաժարվում ենք անկախ պետականությունից և խորհրդային ենք դառնում: Մանավանդ երբ առաջիկայում տեղի էր ունենալու այդքան սպասված Սևրի պայմանագրի ստորագրումը»,- եզրափակեց Հ.Սուքիասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում