Պետերբուրգում ատամնաբույժը հեռացրել է հիվանդի 22 առողջ ատամ
Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել մասնավոր կլինիկայի ատամնաբույժի դեմ՝ խարդախության մեղադրանքով: Նա հեռացրել է հիվանդի 22 առողջ ատամ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2014 թվականին կասկածյալը «մոլորեցրել է 43-ամյա տեղի բնակչուհուն՝ կապված մատուցված ատամնաբուժական ծառայությունների հետ», ինչի արդյունքում հեռացրել են նրա 22 առողջ ատամ և անորակ «կամրջակներ» կապել:
40-ամյա բժիշկն իր ծառայությունների համար ստացել է ավելի քան 843 հազար ռուբլի (15 հազար դոլար): Ներկա պահին քննիչները փնտրում են ատամնաբույժի հնարավոր զոհերին:
Անցած տարի Ֆրանսիայում ութ տարվա ազատազրման էր դատապարտվել հոլանդացի ատամնաբույժ Յակոբուս Վան Նիերոպը, ով ԶԼՄ-ների կողմից ճանաչվել է «բժիշկ-սարսափ»:
Բժշկի գործողություններից տուժել է 120 մարդ: Նա խոստովանել է, որ իրեն հաճույք է պատճառում մարդկանց վնասել և այլանդակել: Տուժածներից մեկը դատարանում պատմել է, որ ատամնաբույժն միանգամից հեռացրել էր ութ ատամ, երեք օր արյունահոսությունը չէր դադարել: