Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը կգործի հունիսի 10-ից
Հունիսի 10-ից Կասյան փողոցին հարող հրապարակում նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը, որտեղ գյուղացիները լրացուցիչ հնարավորություն կստանան իրացնել սեփական արտադրանքը: Այս մասին հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման ժամանակ:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վերջինս նախարարի հետ քննարկել է Արարատի մարզի Հովտաշատ համայնքի (Մեհմանդարի) շուկայի մեծածախ առևտրով զբաղվող վաճառականների խնդիրները:
Օրերս մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որի համաձայն Մեհմանդարի շուկայում որոշ գյուղմքերթի իրացման համար խոչընդոտներ են առաջացել, ինչը տեղական որոշ արտադրողների և ներմուծողների դժգոհության պատճառ է հանդիսացել:
Իրավիճակին ծանոթանալու և խնդիրը պարզաբանելու նպատակով Հասմիկ Ջհանգիրյանն այցելել է Հովտաշատի շուկա, զրուցել իրենց բերքը վաճառող գյուղացիների և որոշ վերավաճառողների հետ: Հասմիկ Ջհանգիրյանի խոսքով` շրջայցի ընթացքում շուկայում գյուղացու շահերը ոտնահարելու, առևտուր իրականացնելու ընթացքում միտումնավոր արհեստական խոչընդոտներ ստեղծելու և անհավասար պայմանների առկայության վերաբերյալ ոչ մի բողոք չի արձանագրվել:
Միաժամանակ նա հավելել է, որ գյուղացներն իրենց մտահոգությունն են հայտնել մի շարք խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ մթերող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների, գյուղմթերքի իրացման, խորհրդատվության և այլ հարցերի շուրջ:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում արդեն իսկ մշակվել են համապատասխան ծրագրեր: