ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փակումը միասին աշխատելու նոր ճանապարհների բացում է. Լամբերտո Զանիեր
«Դժբախտաբար, մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Մենք պետք է Հայաստանի հետ ավարտենք մեր աշխատանքները: Բայց օրակարգում կան շատ թեմաներ, պետք է տարբեր ձևաչափերով շարունակել միասին աշխատել»,- Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ խոսելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին:
Նշենք, որ այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է այցելել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նախքան ասուլիսը կայացել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները:
Լամբերտո Զանիերը վստահեցրեց, որ գրասենյակի փակումը միայն մի գլխի փակումն է, միասին աշխատելու նոր ճանապարհների բացումն է:
«ԵԱՀԿ-ն կշարունակի օգնել Հայաստանին տարբեր ծրագրերում, այդ թվում նաև ընտրությունների հետ կապած»,- ասաց նա:
Հարցին, թե որ ծրագրերն են փակելու այստեղ, որ ծրագրերը կգործեն նաև գրասենյակի փակումից հետո, Լ. Զանիերն ասաց. «Շուտ է ասել, թե որ ծրագրերն են փակվելու: Մենք նայելու ենք գրասենյակի կարևոր գործողություններին, կարողանալու ենք շարունակել մեր օժանդակությունը որոշակի ոլորտներում, բայց, իհարկե, պետք է քննարկենք ֆինանասական հարցերը»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ գնահատական կտաք Ադրբեջանի այդ քայլին, նա նշեց, որ ԵԱՀԿ-ն աշխատում է կոնսենսուսի սկզբունքով, երբեք մատով ցույց չի տալիս, չի մեղադրում այն կողմին, ով չի միացել կոնսենսուսին կամ որոշմանը:
«Անձնապես ցավում եմ, որ գրասենյակն այստեղ փակվելու է, չի շարունակելու աշխատանքը: Փորձում ենք ճանապարհներ գտնել, որպեսզի շարունակենք այն գործողությունները, որոնք այստեղ իրականացվել են»:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը լավ համագործակցության համար:
ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ կազմակերպությունը ստիպված է փակել այս տարածաշարջանում իր վերջին գրասենյակը, քանի որ ԵԱՀԿ մասնակից պետություններից Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը:
«Բաքուն սա փորձում էր ներկայացնել Ադրբեջան-Հայաստան հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերվում է ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին: Մի գործունեություն, որն ուղղված է ԵԱՀԿ-ի դեմ: Կարծում եմ՝ թե ԵԱՀԿ նախագահությունը, թե մասնակից երկրները, թե քարտուղարությունը համապատասխան հետևություններ արել են Բաքվի այս ապակառուցողական քայլի վերաբերյալ, որը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ տեսլականին և նպատակներին։ Գրասենյակի մասով հավելեմ, որ ակնկալում ենք, որ դրա կողմից իրականացվող շատ ծրագրեր կշարունակվեն կյանքի կոչվել՝ այլ ձևաչափերով», - ասաց ՀՀ արտգործնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Լամբերտո Զանիեն անդրադարձել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը քաղաքական առումով չի կարող վնասել ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունները. Է. Մարուքյան
- Դեսպան Սվիտալսկին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հայկական կողմի պարտությունն է. Ստյոպա Սաֆարյան
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են. Էդվարդ Նալբանդյան
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ Ադրբեջանի դժգոհության իրական պատճառն այն է, որ ՀՀ-ին միշտ օրինակ են բերում.Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում