Նախարար. Ծառայությունների մատչելիությունը կկանխեն հատուկ կարիքներով երեխաների մուտքը հաստատություն
«Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ուղղված ծառայությունների մատչելիությունը հնարավորություն կտա հեշտությամբ կանխել երեխաների մուտքը հաստատություններ»:
Նման կարծիք է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաների կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների գնահատման» մեթոդական ձեռնարկի ներկայացման ժամանակ:
Նախարարը կարևորել է պետություն և հասարակական, միջազգային կազմակերպություններ կապը, հատկապես, երբ այն ծառայում է ի շահ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադառնալով ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրմանը՝ Արտեմ Ասատրյանը նշել է, որ արդեն մի քանի տարի է ինչ նախարարությունը ձեռնամուխ է եղել ներդրման աշխատանքների իրականացմանը:
«Մոդելը մի շատ կարևոր սկզբունք ունի, դա կարիքի գնահատումն է, այն ոչ թե ուղղված է քաղաքացուն հիվանդությունից ելնելով հաշմանդամության խմբի նշանակմանը, այլ՝ գնահատված կարիքի հիման վրա համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրմանը: Հիմա երբ մենք անցում ենք կատարում այդ մոդելին, բնականաբար ծառայություն մատուցողները ևս պետք է այս մոդելով առաջնորդվեն: Եվ այսօր «Սեյվ դը չիլդրենի» նախաձեռնությունը գալիս է լրացնելու այս աշխատանքը, քանի որ իր կողմից առաջարկում է պատրաստի ծառայություն»,-ընդգծել է նախարարը:
Որպես երեխաների կարիքների գնահատման գործիք, ձեռնարկը թույլ կտա բացահայտել, թե երեխան ինչ ծառայությունների և աջակցության կարիք ունի: Ձեռնարկի մշակման ընթացքում օգտագործվել են հաշմանդամության սահմանման համար մշակված գործիքները և դրանց գնահատման մեթոդական ուղեցույցները: