Ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցերով աշխատանքային խումբ է ձևավորվել
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման խնդիրների քննարկմանը:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման սկզբում Իշխան Կարապետյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Այնուհետև որոշվել է խիստ վերահսկողություն սահմանել թունաքիմիկատների իրացման կետերի, ինչպես նաև ժամկետանց պարարտանյութերի պահեստավորման, պահպանման, ախտահանման և ոչնչացման գործընթացների վրա:
Բացի այդ, որոշվել է նաև կանոնակարգել թունաքիմիկատների ձեռքբերումը, վաճառքը և օգտահանումը, ինչպես նաև ժամկետանց թունաքիմիկատների փաթեթավորմանն առնչվող հարցերը: Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են համապարփակ ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները:
Խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մեկնելու է Արարատի տարածաշրջանում տեղակայված պահեստներից մեկը` դիտարկելու արդյոք կարողությունները բավարար են ժամկետանց թունաքիմիկատներն այնտեղ ժամանակավորապես տեղափոխելու և պահպանելու համար: