Իրանցի գործարարները հնարավորություն կստանան օգտվելու ԱՏԳ-ում գործող հարկային և մաքսային արտոնություններից. Կարայան
«Շատ ենք կարևորում հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ նպատակ ունենալով խթանել մեր բարեկամ պետությոինների միջև համագործակցությունը: Ձեզ էլ պատասխան այցով հրավիրում ենք Իրան՝ քննարկելու գնահատման փաստաթուղթ տրամադրող մարմինների ներկայացուցչությունների ստեղծումը Հայաստանում»,- այս մասին նշել է ԻԻՀ հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին՝ այսօր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական կողմի առաջարկը` ակտիվ համագործակցություն հաստատել հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերությունների միջև, ինչպես նաև համատեղ ներմուծող-արտահանող ընկերություն ստեղծել: Նախարարի խոսքով՝ սա կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև կաջակցի իրանական ապրանքներին՝ մուտք գործել Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ:
Սուրեն Կարայանն անդրադարձել է «Սյունիք» ազատ տնտեսական գոտուն՝ նշելով, որ իրանցի գործարարները հնարավորություն կստանան օգտվելու ԱՏԳ-ում գործող հարկային և մաքսային արտոնություններից, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP), ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից։
Այս համատեքստում կարևորվել է նաև առաջիկայում ստորագրվելիք ԵԱՏՄ անդամ պետությունների և ԻԻՀ-ի միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիրը, որը համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Կառավարությունը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն
- Իրանցի գործարարներն առաջարկել են Հայաստանում հիմնել տոմատի մածուկի արտադրություն
- Իրանցի գործարարներին է ներկայացվել մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները
- Իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտով
- Մենք ներդրողների համար բաց ենք և պատրաստ ենք քննարկել նրանց մասնակցության ձևաչափը. Զախարյանը՝ իրանցի գործարարներին