Հայասստանն ունի երկնիշ տնտեսական աճ գրանցելու բոլոր հնարավորությունները. Թաթուլ Մանասերյան
«3.2 տոկոս տնտեսական աճը Հայաստանի համար մխիթարական կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ նրան շրջապատող երկրները դրանից ավելի ցածր տնտեսական աճ են գրանցում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն հայտարարությանը, թե այս տարի նախատեսվել է 3.2 տոկոս աճ ապահովել։
«Իմ համոզմամբ, դինամիկ զարգացող աշխարհում, երբ զարգացող և զարգացած մի շարք երկրներ ավելի հավակնոտ ծրագրեր ունեն, Հայաստանին երկնիշ տնտեսական աճ է անհրաժեշտ։ Այնուհետ, երբ վիճակը կկայունանա, կայուն զարգացման փուլում 3-5 տոկոս տնտեսական աճը կարող է մեզ համար բավարար լինել, բայց ոչ հիմա։ Ներկայիս տեմպերը խիստ անբավար են, և եթե կառավարությունը դա մատնանշում է, ուզում եմ ենթադրել, որ ունի ավելի հեռուն գնացող ծրագրեր։ Սակայն ավելի համեստ կանխատեսում է անում, որպեսզի հետո ոչ թե թերակատարվի, այլ գերակատարվի»,- ասաց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանի խոսքով, Հայաստանը բավական լուրջ ռեսուրսներ ունի, սակայն մսխում է դրանք։ Ավելին՝ առկա են երկնիշ թվով տնտեսական աճ գրանցելու բոլոր հնարավորությունները։
«Մենք այս ուղղությամբ մշակած շատ կոնկրետ ծրագրեր ունենք, և եթե կառավարությանը դրանք հետաքրքրեն, մենք կարող ենք օգնել նրան»,- ամփոփեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր՝ առաջիկա տարիներին կառավարությունը կանխատեսում է շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.7- 5.7 տոկոս: