Ենոքավանը կդառնա էքստրեմալ զբոսաշրջության կենտրոն
Հունիսի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում եղավ Տավուշի մարզում. այցելեց Ենոքավան համայնքում գործող տուրիստական և հանգստի գոտիներ, ծանոթացավ կատարված աշխատանքներին ու նախատեսվող ներդրումային ծրագրերին:
Ենոքավան համայնքի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտին ու «Յել Էքստրիմ պարկ» արկածային տուրիզմի գոտին հիմնադրվել է Արտակ Չիբուխչյանի ընտանիքի կողմից. Ռուսաստանից հայրենադարձված հայ ընտանիքը 2002թ-ից սկսած համայնքում նախաձեռնել է զբոսաշրջության զարգացման մի շարք ծրագրեր: Մինչ օրս տարբեր ծրագրերի շրջանակներում կատարվել է մոտ 8 մլն. դոլարի ներդրում:
Ավելի ուշ ստեղծված «Ենոքավանի զարգացման հիմնադրամի» կողմից նախագծվել է համայնքը միջազգային զբոսաշրջության կենտրոն դարձնելու համալիր ծրագիր:
Լրագրողների հետ զրույցում «Ապագա տուր» ՍՊԸ-ի և «Ենոքավանի զարգացման հիմնադրամի» տուրիզմի զարգացման գծով համակարգող Տիգրան Չիբուխչյանը ներկայացրեց հանգստյան գոտիներում իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:
Ցուցադրելով «Ենոքավանի զարգացման հիմնադրամ»-ի գլխավոր գրասենյակի և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի նորակառույց շենքը՝ Տիգրան Չիբուխչյանը նշեց, որ այն գյուղ այցելող զբոսաշրջիկներին տրամադրելու է ժամանցի կազմակերպման հնարավորությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև բնակիչներին կմատուցի հաշվապահական ու փոքր բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ:
«Ենոքավանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն իրականացվում են մասնավոր ներդրողների շնորհիվ, համագործակցում ենք USAID-ի հետ, ինչպես նաև դրամաշնորհ ստանալու նպատակող դիմել ենք ԵՄ-ին: Այս պահի դրությամբ «Ապագա ռեզորթում» ունենք 12 քոթեջ, որոնք ունեն 22 համար և 44 ննջատեղ: Բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի հանգստավայրի հյուրերը կարողանան վայելել Ենոքավանի բնությունը, կոլորիտն ու գյուղական մթերքները»,-նշեց Տիգրան Չիբուխչյանը:
Անդրադառնալով «Յել Էքստրիմ պարկ»-ին՝ նա նշեց, որ արդեն ամռան կեսերին կշահագործվի աշխարհում ամենաերկար Զիփ լայնը (Zip line), որն ունենալու է 2680 մետր երկարություն:
«Այս նախագծի իրականացման արժեքը 200 հազար ԱՄՆ դոլար է, իսկ մինչ այժմ «Յել Էքստրիմ պարկում» ներդրվել է մոտ 300 հազար դոլար: Պարկը դառնալու է էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար հանգստի անցկացման լավագույն վայրերից մեկը»:
Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի խոսքով՝ իրենց համայնքում իրականացվող տուրիստական նախագծերի շնորհիվ արտագաղթը վերացել է. «Վերջին տասը տարում բնակչությունը 480-ից հասել է 554-ի: Այս տարի ունեցանք 4 շրջանավարտ, բայց ունենալու ենք 12 առաջին դասարանցի, այսինքն՝ կա բնակչության աճ: Կախված սեզոնից՝ գյուղում 100-120 աշխատող ունենք: Անցած տարվա ընթացքում գյուղն իր բոլոր հանգստի գոտիներով ունեցել է շուրջ 45 հազար այցելու: Մենք նպատակ ունենք մինչև 2025թ-ն այդ թիվը հասցնել 250 հազարի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում