«Ավելի շատ մտածեք, թե ինչպես եք հետո լավ սովորելու»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 158 դիմորդներից քննության էր ներկայացրել 152-ը:
Դիմորդ Անգելիկա Հարությունյանը դիվանագետի մասնագիտություն է ընտրել։
«Առաջին միասնական քննությունս է, տրամադրվածությունս շատ լավ է։ Շտեմարաններն այդքան էլ բարդ չեն։ Դեռ քննություն պետք է հանձնեմ «Անգլերեն լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դիմորդ Արթուր Գևորգյանն էլ ցանկանում է ֆինանսիստ դառնալ. «Բացի սրանից՝ դեռ «Մաթեմատիկա» և «Անգլերեն լեզու պետք է հանձնեմ։ Ամենաբարդն ինձ թվում է մաթեմատիկան կլինի, իսկ այս քննությանը բավականին լավ եմ պատրաստվել»։
Քննության մեկնարկին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Մի հուզվեք, հանգիստ ձեր քննություններն անցկացրեք և վստահ եղեք, որ ձեր գիտելիքին համարժեք կընդունվեք համապատասխան մասնագիտությամբ: Ավելի շատ մտածեք, թե ինչպես եք հետո լավ սովորելու, որովհետև սա ընդամենը քննություն է, եթե գիտեք, ձեր գիտելիքը որևէ մեկը չի կարող խլել»,-ասաց նախարարը դիմորդներին։
Նշենք, որ այսօր հանրապետության 29 քննական կենտրոններում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն է հանձնելու 5191 դիմորդ։