Գետառը փակեցին, հետևանքը սա պետք է լիներ. Կարինե Դանիելյան
«Երեկ հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով Երևանում ստեղծված վիճակն ամենևին զարմանալի չէր, ավելին, սպասելի էր, որ գետնանցումները պետք է ջրով լցվեին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ վերահաս վիճակի մասին բազմիցս զգուշացրել են Երևանի քաղաքապետին՝ հորդորելով նմանօրինակ երևույթներից խուսափելու համար պահպանել քաղաքաշինական նորմերը:
Նրա խոսքով, երբ գետնանցումներում այնքան ջուր է հավաքում, որ ավտոմեքենաները կիսով չափ թաղվում են ջրի տակ, խնդիրը և բնապահպանական, և քաղաքաշինական է։ Բնապահպանական է այնքանով, որ տեղի է ունենում կլիմայի գլոբալ փոփոխություն, քաղաքաշինական այնքանով, որ չեն պահպանվում կառուցապատման նորմերը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ այսպես էլ լինելու է։ Սելավատարը՝ Գետառը, փակեցին, մայրաքաղաքի հյուսիսային մասում սելավընդունիչները կառուցապատեցին։ Դրենաժային համակարգը լիարժեք չի գործում։ Ամեն տեղ բարձրահարկ շենքեր կառուցեցին՝ հաշվի չառնելով ջրի հոսքը։ Արդյունքը սա պետք է լիներ, երևույթները բնականոն զարգացել են»,- ասաց Կարինե Դանիելյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 21:21-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրևից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW», «ՎԱԶ 2101», «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ:
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատերերի էջերից:
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պողոտայի գետնանցումում ջրի մեջ արգելափակված ավտոբուսից փրկարարները տարահանել են 16 քաղաքացու
- Ուժեղ կարկուտ Երևանում
- Կարինե Դանիելյան. Երևանին կանաչ զանգված է պետք
- Գարունն անփորձանք անցավ, սակայն սելավների վտանգը շարունակում է արդիական մնալ. Կարինե Դանիելյան
- Երևանը ջրհեղեղի վտանգի առաջ է. Ահազանգում են բնապահպանները
- Սելավատարների վրա կառուցվել են ապօրինի շինություններ. պայքարն ակտիվանալու է
- «Երևան դեժավյու». Համալսարանը, Գետառի լեգենդը, «այլմոլորակային» Շախմատի տունն ու Կամերայինը
- Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում կառուցվող հեղեղատարների շինհրապարակներ և մասնակցել ծառատունկի
- «ԳԵՏԱՌԻ ՓԱԿՈՒՄԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է»