Տրանսպորտ. Ես զարմանում եմ մեր համբերության վրա
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ամենաշատ ու ամենամեծ խոստումները հասարակական տրանսպորտի ոլորտի կարգավորման մասին էին: Գործող քաղաքապետը իրեն հանդիպած երևանցիներին հորդորում էր համբերատար լինել ու մի քիչ էլ սպասել:
Իսկ քաղաքացիների համբերության վրա ես զարմանում եմ: Աշխատանքից դուրս ես գալիս ու կանգառում սպասելուց ավելի շատ ես հոգնում, քան ողջ օրվա ընթացքում: Բայց ամենադաժանը առջևում է: Մեկ-երկու լիքը գազել բաց թողնելուց հետո հույսդ կորցնում ես, մի ոտդ մի կերպ տեղավորում տրանսպորտում, հետո արդեն աներեսի պես հաջորդ ոտքիդ տեղն ես անում:
Գլուխդ էլ ոտքիդ տեղի փնտրտուքներում, ուր ասես, կարող ես մտցնել, ձեռքով էլ պատահած մարդուց կամ առարկայից բռնել: Գազելում խցկված չես էլ ուզում (շատ դեպքերում չես էլ կարող) գլուխդ բարձրացնել, համ քո կուչ եկած վիճակից ես ամաչում, համ էլ հնարավոր ծանոթ մարդուն էդ վիճակում տեսնելուց:
Բայց ամենատառապալին էլ կա: Տոռմուզը: Սովորաբար, վարորդները թեքվելուց առաջ չեն դանդաղեցնում ընթացքը: Շրջադարձն էլ կտրուկ է ստացվում: Մեջի ժողովուրդն էլ դոմինոյի պես իրար վրա լցվում: Մեկի ոտքի ջիլն է ձգվում, մեկի փափուկ հյուսվածքներն են վնասվում, մեկի գլուխը ինչ-որ բանին խփելու ձայնն է լսվում: Դրանց շատ կարճ հաջորդում են ուղևորների դժգոհություններն ու «էս ինչ է տո» արտահայտությունները, մինչև էլի շրջադարձ կլինի:
Վարորդն էլ… Ինչ մեղք ունի: Մտածում է 15 հազար դրամը գծի տիրոջը տալուց հետո ինչ է իրեն մնալու:
Մի տարեց վարորդ ձեռքով անընդհատ աչքին ընկնող արևի դեմն էր ուզում փակել:
Ակնհայտ էր, դեմը չի տեսնում, մի ձեռքով էր վարում ու լարված: Մեկ մտածեցի՝ իջնեմ, բայց հաջորդ միտքն ավելի շուտ եկավ՝ հետո ո՞նց նստեմ:
Հաջորդ օրը լսեցի ավտոբուսի շրջվելու մասին:
Իջնում եմ, շնորհակալություն հայտնում վարորդին, նա էլ զարմացած ինձ է նայում: Մինչ տուն հասնելը ճանապարհին մտածում, հետո հույս եմ տալիս, լավ է՝ ես հազարից մեկ եմ տրանսպորտ նստում, մյուսներն ի՞նչ ասեն:
Լուսանկարները ես չեմ արել:
Հարակից հրապարակումներ`
- «Բոլորս գիտենք, որ լուրջ խնդիրներ ունենք». Հենրիկ Նավասարդյանը՝ տրանսպորտի մասին
- Տարոն Մարգարյան. «Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ»
- Տարոն Մարգարյան. Լավ տրանսպորտ ունենալու համար պետք է խնդրենք մեր քաղաքացիներին մի քիչ համբերեն