Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխհարաբերությունների օրակարգը փոխվում է
Միացյալ Նահանգների Սենատը 98 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ հաստատել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին նախագիծը: Ներկայացուցիչների պալատի կողմից նախագիծը հավանության արժանանալուց և նախագահի կողմից ստորագրվելու դեպքում այն օրենքի ուժ կստանա:
Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ նախաձեռնած պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է երեք ոլորտի՝ բալիստիկ հրթիռների արտադրություն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ), ռազմական արդյունաբերություն:
Եթե իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող նախագիծը հաստատվի, ապա կլինի առաջին դեպքը, որ ԻՀՊԿ-ի նկատմամբ ուղղակի պատժամիջոց կկիրառվի, այն էլ՝ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով: ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նկատմամբ պատժամիջոց սահմանվել էր 2007թ.:
Իրանի նկատմամբ պատժամիջոց սահմանելու մասին Միացյալ Նահանգների նախատեսած մյուս նախագիծը վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտին: Եթե այս նախագիծը հաստատվի, ապա այն անձինք և կազմակերպությունները, որոնք կնպաստեն Իրանի հրթիռների, տանկերի, կործանիչների, ռազմանավերի, ռազմական ուղղաթիռների, զրահամեքենաների, ՀՕՊ համակարգերի արտադրությանը կամ համապատասխան սարքավորումներ կվաճառեն, պատժամիջոցների կենթարկվեն՝ միևնույն ժամանակ նրանց հաշիվները կսառեցվեն:
Պետք է նշել, որ նախկինում Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները վերաբերում էին միջուկային ծրագրին, իսկ 2015 թ. Իրանի և 5+1 խմբի միջև ստորագրված համաձայնությունից հետո՝ հիմնականում հրթիռային համակարգերին ու մարդու իրավունքներին:
Փաստորեն Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է նախաձեռնում հատկապես այն պայմաններում, երբ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև պաշտպանական ոլորտին վերաբերող 110 միլիարդ դոլարի պայմանագիր ստորագրվեց, Էր Ռիադում տեղի ունեցավ հայտնի համաժողովը, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը միջազգային հանրությանը կոչ արեց մեկուսացնել Իրանը՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ, և ի վերջո նշված իրադարձություններից կարճ ժամանակ անց Իրանում տեղի ունեցավ ահաբեկչական երկու գործողություն:
Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ ապա թեհրանյան ահաբեկչությունը մեծ հաշվով նպատակ էր հետապնդում կասեցնել Իրանի միջուկային համաձայնության կատարման ընթացքը: Իրանի հակառակորդներին անհրաժեշտ էր փոխել Թեհրանի և միջազգային հանրության միջև ձևավորված օրակարգը, այն է՝ շրջափակումից դուրս գալու, Արևմուտքի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ձևավորելու փոխարեն՝ այսուհետ Թեհրանը պետք է իր ջանքերն ուղղի ահաբեկչության պատճառած վնասները հաղթահարելուն:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի անվտանգության ուժերի կողմից ահաբեկչական խումբ է վնասազերծվել
- Քրդական գործոնով պայմանավորված Իրանն ու Թուրքիան մի կողմ կթողնեն տարաձայնությունները
- Իրանի ԱԳ նախարարի արձագանքը՝ ԱՄՆ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին