ՀՀ գյուղոլորտի մոնիթորինգի համար Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ է տրամադրվել
«Մենք չունենք գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ դեզագրեգացված գյուղատնտեսական տվյալների բազա, որը մեզ հնարավորություն կտա մշակել գյուղատնտեսության զարգացման ծրագրեր»,- այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ այսօր ԳՆ-ում կայացած Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագրի քննարկման ժամանակ։
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել է նաև Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության գծով գլխավոր տնտեսագետ Բեկզոդ Շամսիևը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը:
Ճապոնիայի դեսպանը նշել է, որ Ճապոնիայի կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը հիմնականում միտված է սոցիալական և տնտեսական զարգացման ուղղություններին, և այս ծրագրի մեկնարկը շատ կարևոր քայլ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար:
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Համաշխարհային բանկի միջնորդությամբ տրամադրվել է 1.8 մլն դոլարի դրամաշնորհ, որի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտում մոնիթորինգի և տվյալների հավաքագրումն է:
Աշխարհագրական թվայնացման նշված համակարգով իրականացվում է տիեզերական պատկերների, հեռավար զոնդավորման, սպեկտրալ անալիզի վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա ամբողջ տվյալների հավաքագրում (հողերի կարգավիճակ, մշակովի և անմշակ հողտեսքեր, ջրային ռեսուրսներ, տվյալ տարածքում աճեցվող մշակաբույսերի տեսակներ և այլն):
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է հուլիս ամսին՝ հանրապետության մեկ մարզում, պիլոտային ձևաչափով: Ծրագրի աշխատանքներում կներգրավվեն հիմնականում հայ մասնագետները, ովքեր կանցնեն համապատասխան վերապատրաստում՝ ծրագրի հետագա սպասարկումը ևս իրականացնելու համար: