Հայաստանի և Կիպրոսի միջև այսօր առկա է գերազանց միջխորհրդարանական համագործակցություն. Բաբլոյան
«Հայաստանի և Կիպրոսի միջև խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ թևակոխել են նոր փուլ, և այսօր առկա է գերազանց միջխորհրդարանական համագործակցություն»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: Նա հույս է հայտնել, որ Կիպրոսի առջև ծառացած խնդիրը կստանա արդարացի իրավական լուծում:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արա Բաբլոյանն անդրադարձել է նաև միջազգային կառույցներում հայկական և կիպրական խորհրդարանական պատվիրակությունների միմյանց աջակցելու հարցին՝ կարևորելով համագործակցությունը նաև այդ հարթակներում:
Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձել է նաև Կիպրոսի հայկական համայնքին, որը, նրա խոսքով, մեծ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում:
Նա նշել է, որ Կիպրոսը և Հայաստանը պիտի խորացնեն համագործակցությունը տնտեսական, մշակութային և հոգևոր ոլորտներում՝ միասին պայքարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և երկու երկրների առջև ծառացած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսի կառավարությունը բազմաթիվ ծրագրերով աջակցում է կիպրահայ ակտիվ համայնքին. Ֆոտիու Ֆոտիս
- Ֆոտիու Ֆոտիս. Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան