Տնտեսագետ. Տնտեսական աճը պետք ունենա որակական արտահայտություն
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը կառավարության ծրագիրը նմանեցնում է նախարարությունների աշխատանքային ծրագրերի ժողովածուի:
«Այդպես էլ չիմացանք՝ ինչպիսի տնտեսություն ենք ուզում ունենալ, ինչպիսի կառուցվածք: Ընդամենը յուրաքանչյուր նախարարություն գրել էր իր անելիքները և ստացվել էր ծրագիր»,-կարծիք հայտնեց տնտեսագետը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ծրագրի վրա աշխատել են խոշոր, նաև արտասահմանցի տնտեսագետներ:
Panorama.am-ի հետ զրույցում տնտեսագետը զարմանալի համարեց հարկային նման օրենսդրության պայմաններում կառավարության կողմից մեծ ներդրումների ակնկալիք ունենալը: Համարում է, որ առաջիկա հինգ տարիների համար մշակված ծրագիրը որևէ բանով չի տարբերվում նախորդներից, ձևի որոշակի փոփոխություն կա:
Միակ տարբերությունն այն է, որ այսօր ընդունված ծրագրում, ըստ տնտեսագետի, շատ է խոսվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի պարզեցված մոտեցումների ներդրման մասին:
«Կառավարության ծրագրում բացակայում է գործարար միջավայրի ներդրումների համար կարևոր հարկային օրենսդրության փոփոխությունը»,-գնահատելով կառավարության ծրագիրը՝ ասաց Մ. Առաքելյանը:
Նա ուսումնասիրել է ծրագիրը, տեսել որ հարկային օրենսդրության վերաբերյալ 1-2 վարչարարական փոփոխություն է առաջարկվում:
«Հարկատեսակների, դրույքաչափերի կրճատում ընդհանրապես չի նախատեսվում»,-ասաց Մ. Առաքելյանը:
Նա նկատել է, որ 122 էջից կազմված ծրագրում բնակչության մեծ մասի հետ առնչություն ունեցող փոքր բիզնեսին շատ քիչ տեղ է հատկացված. «Բարեմաղթանքի ոճով գրված է՝ պետությունը շարունակելու է աջակցել փոքր բիզնեսին, իսկ մենք փոքր բիզնեսի մոտ 100 հազար ներկայացուցիչներ ունենք: Ակնկալում էի, որ այդ ոլոտում հեղափոխական առաջարկներ պետք է լինեին, ցավոք չտեսանք»:
Նա կարծում է, որ եթե նույնիսկ կառավարությանը հաջողվի կյանքի կոչել ու իրականություն դարձնել ծրագրում նշված ցուցանիշները, ապա դրանք բավարար չեն ժողովրդի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար:
«Աղքատության բարձր մակարդակ, գործազրկություն, սրանց հետևանքով քաղաքացիների մի մասը փորձում է խնդիրների լուծում գտնել արտերկրում, ինչի հետևանքով ունենք տարեկան 50 հազարի հասնող արտագաղթ»,-խնդիրները թվարկեց տնտեսագետը, ավելացնելով, որ հենց արտագաղթի ծավալների կրճատումը պետք է դառնա կառավարության ծրագրի արդյունավետության գնահատման ցուցիչ:
Նրա խոսքով, տնտեսական աճը պետք ունենա որակական արտահայտություն, որպեսզի ազդի հասարակության լայն շերտերի վրա:
«Տնտեսության կենտրոնացված կառուցվածքի պատճառով կարող է հանքարդյունաբերության ոլորտում աշխատող մեկ-երկու ընկերություն էական նշանակություն ունենան, նույնը արտահանման աճի մասին կարելի է ասել: Այս պարագայում տնտեսական աճն ու արտահանման ավելացումը չեն ունենա էական նշանակություն հասարակության բարեկեցության առումով»,-նկատեց տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Անհամեստ չհնչի, հավաքվել է բավականին ազնիվ ու պարկեշտ մարդկանց թիմ
- Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ. Աղվան Վարդանյան
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը