Մեծ Բրիտանիայի կառավարությունը ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր է իրականացնելու
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ստորագրեցին նամակ-համաձայնագիր, որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր է նախատեսում իրականացնել: Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:
Նամակ-համաձայնագրի ստորագրումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ այս կարևոր փաստաթուղթը նոր որակի համագործակցության մեկնարկ է:
«Նորացված Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները և Ազգային ժողովի դերի բարձրացումն ենթադրում է օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների և աշխատակազմի կարողությունների ամրապնդում և կատարելագործում: Այս առումով չափազանց կարևոր է լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը»,- նշեց ԱԺ նախագահը:
Դիմելով դեսպանին՝ Ա. Բաբլոյանն ասաց, որ բաց են համագործակցության համար և հուսով, որ իրականություն կդարձնեն այն բոլոր ծրագրերը, որոնք համատեղ ջանքերով կմշակվեն, կանեն հնարավորն աշխատանքի արդյունավետության բարձրացման, կառավարման նոր համակարգի սահուն անցնման համար:
Ջուդիթ Ֆարնուորթն իր խոսքում նախ նշեց, որ ողջունում են Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումները, որոնք միտված են երկիրը խորհրդարանական հանրապետություն դարձնելուն:
«Ընդլայնված լիազորություններն իրենց հետ բերում են նաև մեծ պատասխանատվություն խորհրդարանի բոլոր անդամների համար, ովքեր կդառնան ավելի հաշվետու հայ ժողովրդի նկատմամբ իրենց որոշումների կայացման, օրենսդրական նախաձեռնությունների, կառավարության վերահսկողության գործում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ այս պատճառով Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ուրախությամբ ընդունեց հայկական կողմի առաջարկը՝ ամրապնդելու Հայաստանի Ազգային ժողովի կարողությունները, որպեսզի ավելի արդյունավետ կերպով ներկայացնեն քաղաքացիների շահերը, աշխատեն ավելի թափանցիկ և հաշվետու եղանակով, իրականացնեն վերահսկողության բարելավված գործառույթներ:
«Հույս ունեմ, որ այս ծրագիրը միայն սկիզբն է Միացյալ Թագավարության և Հայաստանի խորհրդարանական հարցերում ավելի սերտ համագործակցության: Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ քննարկումներից հասկացա և վստահ եմ, որ հայկական կողմից առկա է այս համագործակցությունը կյանքի կոչելու կամքը», - ասաց Ջուդիթ Ֆարնուորթը:
Նրա խոսքով, ուրախ են, որ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը կիրակագործի այս ծրագիրը՝ հաշվի առնելով նրա հարուստ փորձն ու փորձառությունը: Դեսպանը նաև կոչ արեց խորհրդարանական բոլոր խմբակցություններին ակտիվ ներգրավվածություն ունենալ ծրագրում՝ Հայաստանի խորհրդարանի և ժողովրդի բարօրության համար: