ԳՆ. Երկու անգամ ավելի շատ ելակ է արտահանվել
Եղանակային պայմաններից ելնելով ընթացիկ գյուղատնտեսական տարում արտահանման գործընթացը սկսվել է փոքր-ինչ ուշացումով: Պտուղբանջարեղեն արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա միաժամանակ ընդգծելով, որ այդ հանգամանքը չպետք է խոչընդոտ հանդիսանա գործընթացը սահուն և ժամանակին կազմակերպելու համար:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում նախարարը ծանոթացել է ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին: Մասնավորապես հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել տեղական գյուղմթերքն արտահանելիս Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացող խնդիրների վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշել է, որ հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղբանջարեղեն, որի հիմնական մասը` դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բացի այդ, մեկնարկել է ծիրանի բերքահավաքի ու արտահանման գործընթացը, և ավելի քան 1000 տոննա ծիրան արդեն արտահանվել է ՌԴ: Զգալի աճ է գրանցվել հատկապես ելակի արտահանման ծավալներում՝ շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ծավալները:
Անդրադառնալով ջրաշենցիների դժգոհությանն արտահանողների կողմից ծիրանի ձեռքբերման ցածր գների վերաբերյալ՝ փոխնախարարը հայտնել է, որ խնդիրն արդեն կարգավորվել է: Նրա խոսքով՝ կապ է հաստատվել համայնքապետի և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հետ, որոնք տեղեկացրել են, որ 10 ընկերություն արտահանում են իրականացնում համայնքից, որոնցից երկուսն առավոտյան որոշում են կայացրել իջեցնել գները, արդյունքում՝ գյուղացիները հրաժարվել են նրանց ծիրան հանձնել և այն բաշխել են մյուս ընկերությունների միջև:
«Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշել է, որ ընկերությունը հիմնականում մթերումներ է իրականացնում Արարատի մարզի մի շարք համայնքներում, օրերս սկսել են մթերման գործընթացը: Նրա խոսքով՝ արդեն մթերվել է 300 տոննա ծիրան, նախատեսվում է ամբողջ տարվա կտրվածքով մթերել 6-7 հազար տոննա ծիրան` նախորդ տարվա շուրջ 5 հազար տոննայի դիմաց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները