«Երկիր ծիրանի»-ն չի մեկնաբանում ավագանու իր երկու անդամների հեռանալու որոշումը
«Երկիր ծիրանի» կուսակցությունը որևէ կերպ չի մեկնաբանում Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի՝ Երևանի ավագանու նույնանուն խմբակցությունից դուրս գալու որոշումը։
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը։ Նա միայն նշեց, որ նախկին գործընկերների այս քայլի մասին իրենք կխոսեն, հավանաբար, երկուշաբթի օրը, երբ մամուլի ասուլիս կհրավիրեն։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը հայտարարել էին խմբակցությունը լքելու որոշման մասին։ Նրանք, սակայն, ընդգծել էին, որ անկախ ամեն ինչից՝ իրենք շարունակելու են աշխատել և պաշտպանել երևանցու շահերը՝ արդեն որպես ավագանու անկախ անդամ։
«Մենք չենք պատրաստվում ստեղծել որևէ կուսակցություն կամ միանալ մեկ այլ կուսակցության: Սակայն բաց ենք լինելու համագործակցության համար այն ուժերի հետ, որոնք կիսում են մեր հայացքները: Մենք պարբերաբար հաշվետվություն ենք ներկայացնելու մեր կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասել էր Մնացական Պարակշիևը:
Հարակից հրապարակումներ`
- Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը դուրս են գալիս ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կազմից
- «Երկիր Ծիրանի» խմբակցության Երևանի ավագանու երեք անդամներն անվստահություն են հայտնել մյուս երկուսին