Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է՝ արդյոք ՌԴ-ից Նորվեգիա անցած անձինք ՀՀ քաղաքացիներ են. Տիգրան Բալայան
ՀՀ արտգործնախարարությունը Նորվեգիայի միգրացիոն ծառայությունից փորձում է ճշտել Ռուսաստանի հյուսիսային սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված 6 հայերի ինքնությունը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է, որ ռուս-նորվեգական սահմանը ՀՀ քաղաքացիներ են անցել, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է այդ երկրի միգրացիոն ծառայությունից գրավոր հարցմամբ պարզել՝ ինչ ապացույցներ կան, որ սահմանը հատած անձինք ՀՀ քաղաքացիներ են։ Այս պահի դրությամբ որևէ նորություն այս մասով չկա։
Հիշեցնենք, որ ըստ Associated Press-ի՝ հունիսի 20-ին 6 հայ փախստականները հատել են Արկտիկայի հեռավոր սահմանային անցակետը՝ Ռուսաստանից մուտք գործելով Նորվեգիա: Նրանց թվում առնվազն մեկ երեխա կա։ Ռուսաստանից Նորվեգիա մուտք գործած անձինք 4 -58 տարեկան են:
Պարբերականը նաև հիշեցրել է, որ 2015-ի հոկտեմբերի 30-ից հետո սա առաջին դեպքն է, երբ փախստականներն անցնում են Նորվեգիայի սահմանը: