Խոստացված ներդրումների 37-40%-ն արդեն իրականացվել է. Սուրեն Կարայան
ՀՀ կառավարության կողմից այս տարվա համար խոստացված ներդրումների 37-40 տոկոսն արդեն իրականացվել է: Այս մասին գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Հարցին, թե ովքե՞ր են ներդրողները, նախարարը նշեց, որ իրավասու չէ անուններ հրապարակել, քանի որ դա առևտրային գաղտնիք է:
Անդրադառնալով Տաջիկստանի նախագահի Հայաստան կատարած այցին՝ Սուրեն Կարայանն ասաց, որ ակնկալում են Տաջիկստանի հետ համագործակցել, ապրանքաշրջանառությունն ավելացնել:
«Կոնկրետ ոլորտների մասով ունենք պայմանավորվածություններ: Օգոստոսի վերջ կամ սեպտեմբերին, նորից տաջիկական կողմից այց կլինի, նաև մենք այց կկատարենք: Միևնույն ժամանակ մենք բիզնես ֆորում իրականացրեցինք, որի արդյունքում 8-9 պայմանագիր ստորագրվեց կազմակերպությունների կողմից», - ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ պայմանավորվածությունները վերաբերում են գյուղմթերքի վերամշակման ոլորտին, Հայաստանից որոշակի ապրանքների արտահանմանը: Համագործակցության լուրջ հեռանկարներ կան ոսկեգործության և ադամանդագործության բնագավառում։
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, թե եթե Հայաստանում ազատ մրցակցային պայմաններ լինեն, ներդրումները շատ կլինեն, Սուրեն Կարայանն ասաց, որ այդ պայմանները կան, սակայն հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար անընդհատ քայլեր են ձեռնարկում:
Դիտարկմանը՝ կարող են ասել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա կարող եմ վստահաբար ասել՝ այո»:
Մանրամասները՝ տեսանյութում: