Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը դուրս են գալիս ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կազմից
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը որոշում են կայացրել դուրս գալ ավագանու կազմից: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մնացական Պարակշիևը նշեց, որ անկախ ամեն ինչից՝ իրենք շարունակելու են աշխատել և պաշտպանել երևանցու շահերը. «Մենք չենք պատրաստվում ստեղծել որևէ կուսակցություն կամ միանալ մեկ այլ կուսակցության: Սակայն բաց ենք լինելու համագործակցության համար այն ուժերի հետ, որոնք կիսում են մեր հայացքները: Մենք պարբերաբար հաշվետվություն ենք ներկայացնելու մեր կատարված աշխատանքների վերաբերյալ»:
Նրա խոսքով, Զարուհի Փոստանջյանի և մյուս գործընկերների հետ հիմնական տարաձայնությունը եղել է մոտեցումների և գործելաոճերի տարբերությունը. «Քաղաքապետարանում աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն»։
Հայկ Պետրոսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք աշխատելու են որպես ավագանու անկախ անդամներ. «Մեր աշխատանքային դաշտը լինելու է ընդդիմադիր դաշտը, քանի որ միշտ քննադատել ենք իշխանությանը: Սակայն եթե իշխանությունը ցանկանա լուծել մեր առաջարկները, մենք բաց ենք լինելու համագործակցության համար»:
Ավագանու անդամները նշեցին, որ իրենցից հստակ պահանջվել էր մանդատը վայր դնել, սակայն իրենք նման բան չեն արել և չեն անելու։
«Մեզ համար այս ամենը շատ կտրուկ էր: Մենք ուզում էինք հարցերին մոտենալ սառնասրտորեն, իսկ մեր մնացած գործընկերները կողմնակից էին էմոցիոնալ ելույթների: Այլ խոսքով, նրանք կողմնակից էին բուռն գործունեության իմիտացիայի, որը, սակայն, վերջում որևէ արդյունք չէր տալու»,- նշեց ավագանու անդամը՝ հավելելով, որ իրենց համար անտրամաբանական են ավագանու անդամությունը վայր դնելու, սակայն միաժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ մնալու հորդորները:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հունիսի 18-ին նիստ էր անցկացրել և անվստահություն հայտնել խմբակցության անդամներ՝ Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին:
«Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը», - տարածած հայտարարության մեջ նշել էր «Երկիր Ծիրանի» խմբակցությունը: