Պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվում է
Կառավարությունը որոշում է կայացրել ընդլայնել պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը՝ դրանում ընդգրկելով «Արարատբանկ» ԲԲԸ-ին: Ներկայումս նշյալ օպերատորները վեցն են՝ «ՀԱՅՓՈՍՏ»-ը, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ը, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-ը, «Անելիք բանկ»-ը, «Հայէկոնոմբանկ»-ը:
Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում ընդլայնել օպերատորների ցանկը:
Մինչ տարեվերջ նախատեսվում է հանրապետության բոլոր քաղաքներում բացել համապատասխան գրասենյակներ, շարունակաբար ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը և սկսել դրանք մատուցել նաև էլեկտրոնային համակարգով, այդ թվում՝ բջջային հեռախոսի միջոցով անձին նույնականացնելով: Քաղաքացին կկարողանա ծառաությունը ստանալ նաև սեփական համակարգչի միջոցով:
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ երկու գործը զուգահեռաբար պետք է անենք, քանի որ կան քաղաքացիներ, ովքեր չունեն համակարգիչ: Այս ծառայությունների վերաբերյալ մինչև տարեվերջ ինտենսիվ պետք է տեղեկատվություն տրամադրել, կարծում եմ՝ մեր քաղաքացիների մեծ մասը դեռևս լավ չի պատկերացնում, թե մենք ինչ ծառայությունների մասին ենք խոսում»:
Վարչապետն ավելացրել է, որ պետության կողմից մատուցվող 140 ծառայություններից ամենապահանջվածները՝ մոտ 70-ը, տրամադրվում են վերը նշված օպերատորների կողմից: